Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի պետական և Երևանի լեզվաբանական համալսարանները կհամագործակցեն

Արցախի պետական և Երևանի լեզվաբանական համալսարանները կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և Արցախի պետական համալսարաններն այսուհետև կհամագործակցեն կրթական մի շարք ոլորտներում: Ապրիլի 16-ին ԵՊԼՀ-ում երկու կրթօջախների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան երկու բուհերի ռեկտորները: Պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությանը մասնակցեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողները:

«Պայմանագիրը համագործակցություն է ենթադրում մի շարք ոլորտներում` ուսանողների փոխանակման ծրագրեր, ուսումնական, գիտական պլանների կազմման փորձի փոխանակում: Բնականաբար, համագործակցությունն ավելի սերտ կլինի այն ֆակուլտետի հետ, որտեղ ուսուցանվում են լեզուներ: Ենթադրվում են տարատեսակ ծրագրեր: Մենք կմշակենք գործողությունների պլան, որի արդյունքում կհստակեցվեն համագործակցության ուղղությունները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵՊԼՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Հասմիկ Ափյանը:

Ափյանն ընդգծեց, որ ԵՊԼՀ-ն առաջին անգամը չէ, որ համագործակցում է Արցախի պետական համալսարանի հետ: Լեզվաբանական համալսարանում շատ են կարևորում այս համագործակցությունը: «Մենք կփորձենք մեր ձեռքբերումները փոխանցել իրենց: Համագործակցությունը կնպաստի, որ Արցախում սովորող ուսանողները ևս ստանան այն գիտելիքները, որ ստանում են ԵՊԼՀ-ում»,- հավելեց Ափյանը:

ԵՊԼՀ-ն համագործակցության շրջանակում կաջակցի նաև Արցախի պետական համալսարանին մասնագետների պատրաստման, ատենախոսությունների պաշտպանության և համատեղ ղեկավարման հարցում, կմասնակցի բուհում կրթության որակի բարելավմանը, դասախոսական կազմի որակավորման պարբերական բարձրացմանը, ինչպես նաև համատեղ ուսանողական գիտաժողովների, առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադաների կազմակերպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am