Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Արտերկրի գործարարներն արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին. Սերժ Սարգսյան

Արտերկրի գործարարներն արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները 
Հայաստանում տեղակայելու մասին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28  ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին մատակարարվող գազի սակագինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում: Նախագահը նշեց, որ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է այս գինը, և այն կապակցված է Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: «Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ նախկինում էր: Ավելին՝ այս մասին գիտեն ոչ միայն մեր քաղաքացիները, այս մասին գիտեն նաև արտերկրյա գործարարները, որոնք տեսնելով կանխատեսելիությունը և գինը, արդեն մտածում են իրենց էներգատար արտադրությունները Հայաստանում տեղակայելու մասին»,-հայտարարել է ՀՀ Նախագահը:

Արդեն առկա են նման օրինակներ: Նրանք անգամ համարում են, որ կարող են այստեղից իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանել նաև Մաքսային միության այլ երկրներ: «Սա, իհարկե, շատ լավ է, բայց կա նաև երկրորդ հանգամանքը. մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք ստանում ենք ամենաէժան գազը սահմանի վրա, բայց սահմանից մինչև իրենց բնակարան բավականաչափ թանկանում է: Եվ սրա մասին մենք քիչ ենք խոսում: Մենք պետք է խոսենք, հասկանո՞ւմ եք, սա մեր աշխատանքն է: Այս նախարարության աշխատանքն է նաև: Մենք պետք է մարդկանց բացատրենք, թե այդ գումարները որտեղի՞ց են առաջանում: Այդ ի՞նչ ավելացումներ են այդ էժան գազի վրա, որ բերում հասցնում են դրան: Մարդկանց պետք է բացատրել, որ մենք եթե այդ միջոցառումները չանցկացնենք, եթե խողովակ չփոխենք, եթե ժամանակակից սարքավորումներ չդնենք և այլն, վաղը, մյուս օրը մենք կարող ենք շատ մեծ խնդիրների առջև կանգնել: Մեզնից յուրաքանչյուրն է պարտավոր դա անել: Այնպես եմ հասկանում, որ այստեղ նստած յուրաքանչյուրն ինձնից շատ լավ գիտի, թե ինչ է այդ ամենը նշանակում և նույնքան լավ գիտի, թե դեկտեմբերի 30, 31, 1-ին ի՞նչ քանակությամբ գազ և էլեկտրաէներգիա ենք օգտագործում, որը մի քանի անգամ գերազանցում է սովորական օրերի միջին ծախսը: Բայց որպեսզի կարողանանք դա անխափան օգտագործել, մենք պետք է ներդրումներ անենք: 30 տարվա խողովակով, 40 տարվա խողովակով չես կարող այդ ճնշումները բաց թողնել, չես կարող այդ մատակարարումներն անել: Ես ուրախ եմ, որ այս հարցով նաև Ազգային ժողովի հանձնաժողով է ստեղծվել: Սա շատ լավ, լուրջ առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս այս հարցերն ուսումնասիրվեն: Մենք թաքցնելու ոչ մի բան չունենք: Թող գնան ուսումնասիրեն, ներկայացնեն հանրությանը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին պետական այց կատարեց Հայաստան, որի շրջանակում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ և ստորագրվեց 12 փաստաթուղթ, այդ թվում` ՌԴ գազը ՀՀ-ին մատակարարումը Ռուսաստանի ներքին շուկայի գներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am