Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի վարչապետ Բոհուսլավ 
Սոբոտկայի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին: ՀՀ Նախագահը և ՉՀ վարչապետը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարևորել են գործարար համայնքների միջև շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով այցը Չեխիայի Հանրապետություն, այսօր երեկոյան կվերադառնա Երևան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am