ՀԿԵ-ն Իրան-Հայաստան երկթագծի կառուցումը հնարավոր է համարում 2015-ի կեսերից
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկաթգծի տարեկան ապրանքաշրջանառության առավելագույն ծավալը, փորձագիտական խմբի գնահատականով, կկազմի տարեկան 15-18 միլիոն տոննա: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հրավիրած ասուլիսում նշեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ընկերության տնօրենի գնահատականով՝ բեռնափոխադրման այդպիսի ծավալների դեպքում երկաթգիծը հնարավորություն կստեղծի ներդրումների վերադարձելիության համար, սակայն այդ ցուցանիշը կապահովվի երկաթգծի շահագործման ոչ առաջին տարում:
«Հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի կեսերից ոչ շուտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ռեբեցը: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությամբ զբաղվում է «Ռասիա ՖԶԷ» խորհրդատվական ընկերությունը:
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման արժեքը գնահատվում է շուրջ 3.5 միլիարդ դոլարի սահմաններում: Իրան- Հայաստան երկաթգծի հայկական մասի երկարությունը նախատեսվում է, որ կլինի 316 կիլոմետր, իսկ իրանականինը՝ 160: Երկաթգծի շինարարության ժամկետը կկազմի մոտ 6 տարի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում