Գյուղնախարարությունը Մաքսային միության երկրներում Հայաստանի գյուղմթերքի նոր շուկաներ է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցելը մեծ հեռանկարներ կստեղծի Հայաստանից գյուղատնտեսական մթերքների արտահանման համար: Այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Այս տարի պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալի 2/3-ն մատակարարվել է Ռուսաստան: Այսինքն, նաև այս առումով, մեր անդամակցությունը Մաքսային միությանը լայն հեռանկարներ կբացի մեր գյուղմթերքի արտահանման ծավալների հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արտահանող կազմակերպությունների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն, ինչը կհանգեցնի գյուղմթերքների արտահանման ծավալների աճի:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Հայաստանում պտուղ բանջարեղենի և խաղողի մթերումների ծավալը ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 4.2 տոկոսով և կազմել 224 հազար տոննա: Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 60 հազար 100 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ կրկնակի գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
Մաքսային միությանը միանալու որոշման մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ Նախագահի հետ հանդիպումից հետո: Հայաստանի ղեկավարն արտահայտել է նաև մեր երկրի տրամադրվածությունը Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Նոյեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանում ստորագրել են համագործակցության ամրապնդման հուշագիր, որը կապահովի ՄՄ-ի մարմիններին Հայաստանի բոլոր կառույցների միացումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում