1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեկոյան «Գառնին» առավել գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար պիլոտային սրճարանի շնորհիվ

Երեկոյան «Գառնին» առավել գրավիչ  կդառնա զբոսաշրջիկների համար պիլոտային 
սրճարանի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանից 90 մետր հեռավորության վրա` հենապատի հատվածում այցելուների առաջ իր դռները կբացի  պիլոտային ծրագիր հանդիսացող  սրճարանը: Այն ոչ թե  կառուցվելու է, այլ տեղադրվելու է մշակութային շերտին չպարունակող հատվածում գալիք տարվա մայիսին: Դեկտեմբերի 13-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրեց, որ 2009 թվականին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը դրական եզրակացություն  է տվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածում սեզոնային սրճարան տեղադրելու ծրագրին:

«Սրճարանը լինելու է շարժական, մետաղյա ամրակներով է ամրացնելու, հետևաբար որևէ նոր շինություն, շինարարություն ալգելոց-թանգարանի տարածքում չի լինելու»,- պարզաբանեց Պողոսյանը: Նրա խոսքով` 2009 թվականից արգելոցի տարածքում  գործում է գիշերային գեղարվեստական լուսավորություն, սակայն երեկոյան ժամերին Գառնի այցելողների թիվը շատ չէ: Մինչդեռ սրճարանի առկայությունը առիթ կստեղձի երեկոյան ժամերին արգելոց-թանգարանի տարածքում տարատեսակ միջոցառումներ իրականացնել:

Սրճարան բացելու գաղափարը, բանախոսի հավաստիացմամբ, միտված է առաջին հերթին զբոսաշրջիկների թվի ավելացմանը, այցելուների համար զրուցելու, տաճարի տարածքում հաճելի ժամանակ անցկացնելու համար համապատասխան պայմանների ապահովմանը: Պիլոտային սրճարանը տեղադրվում է պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունքում: «Սրճարանում չեմ մատուցվելու խորտիկներ, այլ միայն «բուտերբրոդներ»,  տարբեր ըմպելիքներ»,- տեղեկացրեց Պողոսյանը` հավելելով, որ սննդամթերքը` օրինակ Գառնու գաթան, մրգերը, մուրաբաներ, թխվածքները, որոնք կվաճառվեն  սրճարանում օգուտ կտան նաև  գյուղացիներին: Բանախոսը վստահեցրեց, որ սրճարանի գնային քաղաքականությունն էլ բավականին մատչելի է լինելու այցելուների համար:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանն էլ նշեց, որ ամենակարևոր հանգամանքն այն է, որ որևէ  բետոնային կամ այլ տեսակի կառույց գետնի վրա չի արվելու: «Վերջերս շատ հետաքրքիր ճարտարապետական բեկորներ են հայտնաբերվել, ընդամենը ձորի միջնահատվածում գտնվել է այն ճարտարապետական քանդակի մասը, որը ժամանակին Միհրի արձանի հետ միասին տեղադրված է եղել տաճարի խորանի հատվածքում»,- պատմեց Փիլիպոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է համայնքի ղեկավարը դեմ արտահայտվել ալգելոց-թանգարանի տարածքում կառուցվող սրճարանի տեղադրման փաստին, Պողոսյանը նշեց, որ  պիլոտային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է օրենքի սահմաններում և որևէ հիմնավոր պատճառ չի կարող լինել  սրճարանի բացմանը դեմ արտահայտվելու համար: «ՀՀ օրենքը թույլատրում է արգելոցի տարածքն օգտագործել նաև տնտեսական գործունեության նպատակներով»,-  շեշտեց ՊՈԱԿ-ի տնօրենը` ավելացնելով, որ հանրային քննարկում սրճարանի տեղադրման առթիվ հրավիրելու անհրաժեշտություն չկա:

Նա պատմեց, որ նման սրճարաններ կառուցելու մշակույթը ընդունված և վաղուց կիրառելի է աշխարհի տարբեր անկյուններում:  Նախագծի հաջողության դեպքում նախաձեռնողները ծրագրում են այն շարունակական դարձնել:  Բացառված չէ, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նաև  Զորաց քարերի, «Զվարթնոց»-ի տաճարի,  Լոռի բերդում սրճարաններ տեղադրելու ուղղությամբ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում քայլեր կձեռնարկի «Գառնիի» արգելոց-թանգարանի տարածում արքունական բաղնիքի խճանկարի խնդրի լուծման և դեպի տաճար տանող սալահատակի վերանորոգման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]