Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությունը գիտնականների ուշադրության կենտրոնում

Ռումինահայ մշակութային հարուստ ժառանգությունը գիտնականների ուշադրության 
կենտրոնում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստագիտության դոկտոր, Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ Լևոն Չուգասզյանը նոյեմբերի 16-28-ին գիտական առաքելությամբ գտնվում էր Ռումինիայում: Դրան նախորդել էր հոկտեմբերի 30-31-ին Ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված Բուխարեստի միջազգային գիտաժողովը, որը հայկական կողմից համակարգում էր դոկտոր Չուքասզյանը: Մինչ այդ էլ ամբիոնի մի քանի դասախոսներ 2012թ. աշնանը և այս տարվա ամռանը գիտարշավներ էին կատարել Ռումինիա, որոնց ընթացքում սկսվել էր Բուխարեստի Դուդյան թանգարանի հայկական սրբապատկերների, արծաթե իրերի, եկեղեցական հին հանդերձների, ծածկոցների և այլ գործերի ուսումնասիրությունը:

Չուգասզյանի այս գիտական այցելությունը նպատակ ուներ խորացնելու ռումինահայ մշակութային ժառանգությանը վերաբերող գիտական համագործակցությունը և ուսումնասիրելու Ռումինիայի այլ հայաբնակ շրջաններում եղած հայ արվեստի գործերը:

Լևոն  Չուգասզյանն այդ օրերին չորս դասախոսություններով հանդես եկավ Բուխարեստի մի քանի գիտական և ուսումնական հաստատություններում և տեղի Հայոց Մշակույթի տանը: Հարավարևելյան Եվրոպական ուսումնասիրությունների Ինստիտուտում (Institute for South East European Studies), Բուխարեստի համալսարանում, Բուխարեստի Գեղարվեստի Ակադեմիայիում (National University of Arts) եւ Հայոց Մշակույթի տանը Չուգասզյանը դասախոսություններ կարդաց «Մոնղոլական տիրապետության արտացոլումը հայ արվեստում», «Հայերը Ղրիմում և Ռումինիայում և նրանց գեղարվեստական ժառանգությունը», «Հայ-իտալական գեղարվեստական հարաբերությունները», «Կիլիկիայի հայոց թագավորության գեղարվեստական գանձերը» թեմաներով:

Այդ ընթացքում գիտական համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հարավարևելյան Եվրոպական ուսումնասիրությունների Ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլաե-Շերբան Տանաշոկայի (Nicolae-Șerban Tanașoca), Բուխարեստի համալսարանի Միջմշակութային և Միջեկեղեցական Հարաբերությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ու բաժնի տնօրեն, անվանի աստվածաբան, պրոֆեսոր Մարտին Հաուսերի (Martin Hauser) եւ  Բուխարեստի Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտոր Կատալին Բալեսկուի (Catalin Balescu) հետ:

Նոյեմբերի 23-ին Լևոն Չուգասզյանը, Երևանի Մաշտոցի Մատենադարանի նախկին աշխատակից, գրքագետ, ներկայումս բուխարեստաբնակ Արշալույս Պարոնյանի ուղեկցությամբ մեկնեց Տրանսիլվանիա` ծանոթանալու Կլուժ-Նապոկա (Cluj-Napoca) և Գեռլա (Gherla) քաղաքներում պահվող հայ մշակույթի, մասնավորապես, արվեստի քիչ հայտնի գործերի հետ: Հայերի կողմից 1700թ. հիմնված նախկին Արմենոպոլիսում` Գեռլայում, ուր նրանց միացան գիտական գործուղմամբ Կլուժ-Նապոկայուm գտնվող ԵՊՀ  Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի երիտասարդ դասախոս Լուսինե Սարգսյանը եւ գեռլացի երիտասարդ հայազգի գիտնական Լասլո Բորբելին (László Borbély), որը ներկայումս ուսանում և միաժամանակ գիտական աշխատանք է կատարում Երևանի Մատենադարանում, հայ գիտնականների խումբը ծանոթացավ տեղի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդության եկեղեցու հայկական արձանագրությունների, սրբապատկերների, դիմանկարների, ձեռագիր և հնատիպ գրքերի, արծաթե իրերի, եկեղեցական հին հանդերձների, ծածկոցների, փայտե արձանների և այլ գործերի հետ, ուսումնասիրեց դրանց պահպանման վիճակը:

Գեռլայի Սուրբ Երրորդության եկեղեցում պահվում է 17-20-րդ դարերի 424 գիրք, որոնցից 254-ը հնատիպ են: Այդտեղ կան նաև որոշ ձեռագիր մատյաններ: Վերջիններիս մեծ մասը տեղափոխվել է Կլուժ-Նապոկա, որտեղ  համալսարանի գրադարանում կա Գեռլայից տարված հայկական 57, իսկ տեղի քաղաքային արխիվում` 157 ձեռագիր մատյան:

Հայ գիտնականների խումբն այցելել է նաեւ Գեռլայի Սուրբ Սողոմոն եկեղեցի, որը, ըստ արձանագրության, 1723թ. սկսել են կառուցել Սողոմոն և Ասվադուր Շիմայանները և ավարտել են 1732թ.-ին: Վերջիններիս ներկայացնող որմնանկարը պահպանվել է խորանի կողքի պատին: Հայ գիտնականների խումբը լուսանկարեց հայկական արձանագրությունները, ներսում պատերը զարդարող մյուս որմնանկարները, սրբապատկերները, նաև եղավ հայկական ծխական կենտրոնում,  Հայոց Միության ակումբում և ծանոթացավ այնտեղ պահվող հայկական յուղաներկ պատկերների, գորգերի, գրքերի հավաքածուների հետ, շրջեց քաղաքի երբեմնի հայաբնակ փողոցներում` լուսանկարելով քանդակներով զարդարված, նախկինում հայերին պատկանող, գեղեցիկ կամարակապ դարպասներով տները, հայկական կրթական օջախները, բարեգործական և այլ հաստատություների շենքերը:

Նոյեմբերի 25-ին Լևոն Չուգասզյանը և Ա. Պարոնյանը հանդիպեցին Կլուժ-Նապոկայի  համալսարանի պրոֆեսոր, Տրանսիլվանիայի տարածքում ապրող ժողովուրդների անցյալն ուսումնասիրող պատմաբան Լուչիան Նաստասե-Կովաչին (Lucian Nastasă-Kovács), որը զեկուցումով հանդես էր եկել հայ-ռումինական միջազգային գիտաժողովին եւ հայտնել էր իրենց համալսարանում հայ-ռումինական գիտաժողով կազմակերպելու ցանկության և հայագիտական ուսումնասիրություների կենտրոն հիմնելու մտադրության մասին: Նրանց միացած Կլուժ-Նապոկայի  համալսարանի պատմության ու փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, դոկտոր Օվիդիու Գիտտան (Ovidiu Ghitta) հաստատեց, որ ճիշտ նույն օրը համալսարանի ղեկավարությունը ժողովի ժամանակ հավանություն է տրվել հայագիտական կենտրոն հիմնադրելու գաղափարին: Նույն մտքին էր նաև Կլուժ-Նապոկայի  համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ջուդիտ Պալին (Judit Pál), որը նույնպես հայ-ռումինական միջազգային գիտաժողովի զեկուցողներից էր եւ այդ ուղղությամբ առաջ քաշեց մի շարք գործնական առանցքային հարցեր:

Գիտախումբը հանդիպեց նաեւ Կլուժ-Նապոկայի  մասնաճյուղի գրադարանի աշխատակից, երիտասարդ արվեստաբան դոկտոր Անկա Էլիզաբետա Տատայի (Anca Elisabeta Tatay) հետ, որը հունգարահայ հեղինակ Զաքարիա Գաբրուսի (Zacharias Gabrus) հայկական զինանշանների մասին աշխատության վերաբերյալ զեկուցումով հանդես էր եկել Լեհաստանի Զամոստյե (Zamość) քաղաքում 2010թ. տեղի ունեցած հայկական գաղթօջախների արվեստին նվիրված գիտաժողովի ժամանակ: Այնուհետեւ Լևոն Չուգասզյանը և Ա.Պարոնյանը հանդիպեցին ճարտարապետ Վիրջիլ Պոպին (Virgil Pop), որը վերջերս առանձին գիրք է հրատարակել  Գեռլայի քաղաքաշինական հարցերի վերաբերյալ:

Նոյեմբերի 26-ին Լևոն  Չուգասզյանը և Ա. Պարոնյանն այցելեցին Կլուժ-Նապոկա Ազգային արխիվի գրադարան, որտեղ պահվում են հայկական ձեռագիր մատյաններ եւ վավերագրեր: Հայ գիտնականն ուսումնասիրեց Կիպրոսում` Ֆամագուստայում (Famagusta) 1310-1312թթ. կիլիկյան թագավորների մորաքույր Ալիծի պատվերով նշանավոր գրիչ Ստեփաննոս Գույներերիցանցի ընդօրինակած և մեծանուն մանրանկարիչ Սարգիս Պիծակի զարդարած  Ժողովածուն, 14-րդ դարի սկզբին  Սարգիս Պիծակի ծաղկած Ավետարանը, որը Ռումինիա բերվելուց հետո Սուչավայում ավարտել է Ավետիք սարկավագը, Ղրիմի Սուրխաթ քաղաքում 1346թ. Կիրակոս սարկավագի ձևավորած Ավետարանը: Ցանկի մեջ էր նաեւ 1306թ. Տարոնում Հովսեփ քահանայի պատվերով Հովհաննես գրչի ընդօրինակած Ավետարանը, որը հնարավոր չեղավ տեսնել: Իր հերթին, Ա.Պարոնյանը հնարավորություն ունեցավ քննելու այդտեղ պահվող, Եվրոպայի զանազան հայկական և ոչ հայկական տպարաններում  ստեղծված հայկական մի շարք հնատիպ գրքեր և առանձին ուղղումներ անելու դրանց վերաբերող ցուցակում:

Լևոն Չուգասզյանը և Ա. Պարոնյանն այցելեցին նաեւ Կլուժ-Նապոկայի Ազգագրության թանգարան, որտեղ պահվում են հայկական որոշ ցուցանմուշներ և հանդիպում ունեցան նրա տնօրեն Թուդոր Սալաջեանին (Tudor Sălăgean), շրջեցին թանգարանի սրահներում և ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցահանդեսներին:

Տրանսիլվանիա կատարած այցի ընթացքում մշտապես հայ գիտնականների կողքին էին Տրանսիլվանիայի Հայոց Միության նախագահ Յոան Էստեգարը (Ioan Esztegar), Կլուժ-Նապոկայի  մասնաճյուղի նախագահ, պրոֆեսոր Վարդուկա Ազատուհի Խորենյանը (Azaduhi Varduca-Horenian), փոխնախագահ Միրչա Թիվադարը (Mircea Tivadar) և այլք: Լևոն Չուգասզյանը հարցազրույց է տվել նաեւ տեղական հեռուստատեսությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am