Քաղաքականություն

Ոստիկանությունը քննում է Մաշտոցի պողոտայում հրահրված բախումը. բերման ենթարկվածներից 2-ն ազատ են արձակվել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը քննում է Մաշտոցի պողոտայում հրահրված բախումը. բերման ենթարկվածներից 2-ն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի հրահրած բախումների փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու առումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված 37 անձանցից երկուսն արդեն իսկ ազատ են արձակվել: «Բոլորի արարքը ներկա պահին քննվում է: Ամեն ինչ արվում է օրենքին համահունչ: Որևէ անմեղ մարդու նկատմամբ մեղադրանք չի ներկայացվի»,- նշել է Ահարոնյանը:

Նոյեմբերի 5-ին ժամը 17.10-ի սահմաններում Ազատության հրապարակում նստացույց կատարող Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները, մահակներով ու ձողերով զինված, դուրս են եկել Ազատության հրապարակից` հայտարարելով, որ ցանկանում են երթ կատարել: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: ՀՀ ոստիկանությունը հաղորդել է, որ երեք տասնյակից ավելի օրինազանց, որոնց թվում են նաև ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանն ու նրա որդին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Կատարվում է դեպքի վայրի զննություն: Տուժածների և ոստիկանություն բերման ենթարկվածների մասին լրացուցիչ կտեղեկացվի: Ոստիկանությունը հայտարարել է նաև, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության, իսկ օրինազանցները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Բախման ընթացքում տուժել է 8 ոստիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում