Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հալեպում հայկական դպրոցները վերաբացվել են և աշակերտներ ընդունել

Հալեպում հայկական դպրոցները վերաբացվել են և աշակերտներ ընդունել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում հայկական դպրոցները ամառային արձակուրդից հետո սեպտեմբերի 17-ին բացվել են և ընդունել հալեպահայ աշակերտներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի աղբյուրը: «Այսօր դպրոցների վերամուտի առաջին օրն էր: Երեխաները հաճախում են դպրոց: Կյանքը սկսել է բնականոն ընթացքով շարժվել»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրանքների գներին` Հալեպի աղբյուրը նշեց, որ դրանք մեծ փոփոխություն չեն կրել նախորդ շաբաթվա համեմատ: «Երբեմն տասնապատիկ ավելին են ապրանքների գները, բայց սննդամթերքն ու հացն այժմ հասանելի են: Նախորդ շաբաթվա համեմատ, երբ հաց դժվար էր գտնել, այժմ հաց կա, բայց գինը բարձր է`1 հացը 170-200 ոսկի է: Վառելանյութ ընդհանրապես չկա»,- հայտնեց նա` հավելելով, որ քաղաքի շրջափակումը շարունակվում է: «Շրջափակումը շարունակվում է, անցյալ շաբաթվա վերջին աշխատավայր գնալիս առևանգվել է 3 հայ երիտասարդ, որոնցից դեռևս տեղեկություն չկա»,- նշեց Հալեպի աղբյուրը` հավելելով, որ ընդհարումները շարունակվում են քաղաքի տարբեր մասերում, երբեմն զենքի զարկերի ձայները մոտենում և հեռանում են, դրանք լսելի են լինում մինչ առավոտ:

Սիրիայում ռազմական միջամտության հարցը ժամանակավորապես սառեցվել է և որոշում է կայացվել սիրիական իշխանության վերահսկողության ներքո գտնվող քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելու մասին: Սիրիական իշխանությունները համաձայնություն են տվել այդ որոշմանը: Այժմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը աշխատում է Սիրիայում քիմիական զենքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու բանաձևի մշակման վրա: Միջազգային հանրությունը դրական է գնահատել այս որոշումը:

ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան երկու տարի ձգվող սիրիական պատերազմի արդյունքում մինչև 2013թ.-ի ապրիլ մահացել է ավելի քան 100 հազար մարդ: Սիրայում ներքին գաղթականների թիվը 4.5 միլիոն է, իսկ մոտակա երկրներում փախստականների թիվը, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, գերազանցում է 2 միլիոնը: Կառավարական զորքերը փորձում են Հալեպն ազատագրել ընդդիմադիրներից: Գրեթե ամեն օր թեժ մարտեր են ընթանում, պայթյուններ ու հրթիռակոծություններ են լինում, որոնց ժամանակ տուժում է խաղաղ բնակչությունը, այդ թվում` հայերը: Վերջին շրջանում հայ զինծառայողներ են մահացել մարտերի ընթացքում, բազմաթիվ հայեպահայեր վիրավորվել են, ոմանք երկրից դուրս գալու ճանապարհին առևանգվել, ապա բաց են թողնվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am