Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայերեն «Վիքի» հոդվածների թիվը գերազանցել է 50 հազարի շեմը

Հայերեն «Վիքի» հոդվածների թիվը գերազանցել է 50 հազարի շեմը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն Վիքիպեդիան մեծ առաջընթաց է ապրել և հոդվածների քանակով արդեն 60-րդ տեղում է աշխարհում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում օգոստոսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Սուսաննա Մկրտչյանը: «Այս գիշեր հայերեն Վիքիպեդիան անցավ 50 հազար հոդվածի սահմանը»,- ուրախությամբ հայտնեց Սուսաննա Մկրտչյանը: 

Օգոստոսի 1-ի գիշերվանից սկսած` արդեն մոտ երեք հազար հոդված է տեղադրվել: Այժմ հոդվածների քանակը 54 հազար 400 է: Կազմակերպության անդամները նշեցին, որ հոդվածների տեղադրման մեծ հոսքը ոգևորել էր նաև  «Վիքի» անհատ խմբագիրների, ովքեր նույնպես ակտիվացել են: «2013 թվականի մարտին Վիքիմեդիա հիմնադրամը մեզ ճանաչեց տարածաշրջանում Վիքմեդիայի ներկայացուցիչ, իսկ արդեն մայիսի 14-ին ստեղծվեց «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է նպաստել տեղեկատվական հասարակության ձևավորմանը` Վիքիմեդիա նախագծերում ներգրավելով հասարակության լայն շերտերին»,- անդրադառնալով «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության ստեղծմանը և գործունեությանը` նշեց խորհրդի նախագահը: 

Հանրապետությունում նախատեսվում է Վիքի սեմինարներ անցկացնել: Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրների խոսքով`նախաձեռնությունը հատկապես կարևոր է նրանով, որ Հայաստանի մարզերի բնակավայրերի մասին տեղեկատվությունը շատ սահմափակ է և նման սեմինարները կօգնեն տեղում գտնել համակարգողների և պարբերական աշխատանքային սեմինարների միջոցով ուսուցանել նրանց: Հետևաբար մարզերի բնակիչները կկարողանան իրենք իրենց բնակավայրերի մասին հոդվածներ տեղադրել: 

Խորհրդի անդամ Վաչագան Ղռաթյանի ներկայացմամբ` աշնանը կկայանան երկու խոշոր միջոցառումներ. սեպտեմբերից կանցկացվի «Վիքին սիրում է հուշարձաններ» համաշխարհային լուսանկարչական մրցույթ, իսկ հոկտեմբերին կկայանա  թվով երկրորդ Վիքի-կոնֆերանսը: «Վիքին սիրում է հուշարձաններ» ֆոտոմրցույթին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ: Մրցույթի մասնակցիները սեպտեմբերի ընթացքում Վիքիմեդիա կայքում տեղադրելու են հայկական հուշարձանների` իրենց արված լուսանկարները, որից հետո հոկտեմբերին Երևանում կանցկացվի մրցանակաբաշխություն, իսկ հաղթողները նոյեմբերին կմասնակցեն միջազգային մրցանակաբաշխությանը: «Այս մրցույթի նպատակն է հայկական նյութական մշակութային ժառանգությունը ներկայացնել աշխարհին: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 4-5-ը կայնալիք Վիքի-կոնֆերանս 2013-ին, ապա այն կազմակերպվում է երկրորդ տարին, և կազմակերպիչները նպատակ ունեն այն ամենամյա դարձնել: Կոնֆերանսին ակնկալում ենք հյուրեր արտասահմանից»,- ավելացրեց նա: 

«Վիքիմեդիա Հայաստան»-ի ներկայացուցիչներն ընդգծեցին, որ հատկապես թույլ են կրթական ոլորտի հոդվածները, ավելի շատ և բովանդակալից հոդվածներ են խմբագրվում շոու բիզնեսի, սպորտի, հայտնի մարդկանց և բնակավայրերի մասին:

Քայլեր են արվել ներկայացուցչական հոդվածների ստեղծման ուղղությամբ: Բանակցություններ են տարվում Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև առանձին դասախոսների հետ կրթական հոդվածների խթանման համար:  «Վիքիմեդիա Հայաստան» սերտորեն համագործակցում է «Վիքիմեդիա Հիմնադրամի» և աշխարհում գոյություն ունեցող քառասուն տեղական վիքիմեդիա կազմակերպությունների հետ: Այժմ ակտիվ փոխհամագործակցություն է տարվում ուկրաինական Վիքիմեդիայի հետ: Նոր տեղադրված հոդվածների զգալի մասը Ուկրաինայի բնակավայրերի վերաբերյալ է: Ուկրաինական Վիքիմեդիան իր հերթին 200-300 հոդված է տեղադրել հայկական բնակավայրերի մասին, ընդ որում այդ հոդվածների թիվը պլանավորվում է նույնպես ավելացնել:

Հոդվածներ են պատրաստվում խորհրդային հանրագիտարանների հիման վրա, կպատրաստվեն հոդվածներ, իսկ Վիքիպեդիային կից Vikisource.org կայքում  կամավորների օգնությամբ կզետեղվեն հանրագիտարանների բնագիր տարբերակները: Այս ամենը կկատարվի կամավորների օգնությամբ: Հայերեն Վիքիպեդիայի ակտիվ մասնակիցների քանակը ամսական կտրվածքով մոտ 200 է:  

Հայերեն Վիքիպեդիան բազմալեզու և ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակն է: Ինչպես և բոլոր վիքիմեդիա-նախագծերը, հայերեն Վիքիպեդիայի բովանդակությունը ևս գտնվում է ազատ արտոնագրի ներքո, և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ մնացած տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am