Դալիթան հանրության դատին է ներկայացրել իր «Մամ ջան» նոր տեսահոլովակը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթան հանրության դատին է ներկայացրել իր նոր «Մամ ջան» տեսահոլովակը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ տեսահոլովակը նվիրված է իր մայրիկին, նաեւ նվեր մայրության տոնին:
«Շատ լավ տպավորություն ունեմ տեսահոլովակից»,- նշեց Դալիթան: Նա պատմեց, որ տեսահոլովակը հավանության է արժանացրել ոչ միայն իր մայրիկը:«Ուրախ եմ, որ արդեն լավ արձագանքներ կան տեսահոլավակի մասին»,- նշեց երգչուհին:
«Մամ ջան» տեսահոլովակի երաժշտության հեղինակը Էդմոնդ Մակարյանն է, խոսքերը գրել է Դալիթան, գործիքավորումը կատարել է Գարիկ Գեւորգին:
Դալիթան ծնվել է 1999թ. սեպտեմբերի 19-ին, Թեհրանում: 2001 թվականին տեղափոխվել է Երեւան: 2006թ-ից սովորում է Երևանի Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրի, վոկալի եւ կիթառի բաժիններում: Ունի 9 հեղինակային երգ եւ տեսահոլովակ: 2007թ.Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթ-փառատոնում դարձել է դափնեկիր: 2009թ. եւ 2010թ. Հայաստանի պարային օլիմպիադայում զբաղեցրել է 1-ին տեղը և արժանցել ոսկե մեդալների: 2009թ. Երևանի քաղաքապետարանի «Ոսկե Սրինգ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին մրցանակի: 2010թ. և 2011թ. դարձել է «Նոր Ալիք» երգի մրցույթի դափնեկիր:
2011թ. առաջին Ազգային մանկական մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն հիթ» անվանակարգում արժանացել է պատվոգրի:
Արժանացել է մանկական «Միսս Երևան», «Միսս Գովազդ», «Միսս Տաղանդ», «Միսս Թոփ-Մոդել Հայաստան»,«Եվրատեսիլի Դեսպան»,«Ոճային Պատանի Երգչուհի»,«Միսս Կատարելիության»տիտղոսների: Հայկական Երկրորդ հեռուստաալիքով վարել է «Բարի լույս, Հայաստան» ծրագրի մանկական լուրերը, եղել է «Կենտրոն» եւ «ATV» հեռուստաընկերություններով հեռարձակվող «Բումբումիկ շոու» ծրագրի թղթակից: 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին, անցել կիսաեզրափակիչ փուլ և նկարահանվել է «Շիլաշփոթ» հեռուստանովելում: 2012թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Չարլի Շոու» և «Կարգին սերիալ» նախագծերում: «Ես» ամսագրում ունեցել է սեփական էջը` «Դալիթա և ընկերներ» խորագրով: Մասնակցել է Արտաշես Ալեքսանյանիթատերական ստուդիայի բեմադրած «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը: