Տնտեսություն

Մշակվել է հայաստանյան շուկա «Կարֆուր»-ի մուտք գործելու «ճանապարհային քարտեզը»

2 րոպեի ընթերցում

Մշակվել է հայաստանյան շուկա «Կարֆուր»-ի մուտք գործելու  «ճանապարհային քարտեզը»

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու ուղղությամբ արդեն մշակվել է «ճանապարհային քարտեզ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` նախատեսվում է, որ «Կարֆուր»-ի մուտքը տեղի կունենա այս տարվա ընթացքում:

ՀՀ ԱԱԽ քարտուղարը հանդիպել է «Կարֆուր»-ի ներկայացուցիչներին և հայտնել իր աջակցությունը:

«Ֆրանսիական այս սուպերմարկետների ցանցն անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա, ինչի արդյունքում մեր ապրանք արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործել նաև միջազգային մեծ շուկա: Դա կնպաստի նաև մրցակցության ամրապնդմանը, մենաշնորհների թուլացմանը և տնտեսության ազատականացմանը»,- ասաց Բաղդասարյանը:

ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ ՕԵԿ-ն օրենսդրական նոր նախագիծ է պատրաստում, որով քաղաքի տարբեր շրջաններում սահմանափակվելու է խոշոր սուպերմարկետների թիվը: «Սրանով նաև մեր աջակցությունը կբերենք փոքր և միջին ձեռնարկատիրությանը»,- նկատեց ՕԵԿ առաջնորդը: Արթուր Բաղդասարյանի խոսքով` այս օրինագծի հարցում համաձայնություն է ձեռք բերվել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում