Հասարակական

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն այսուհետ ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին: Այս հնարավորությունն ուսանողները կստանան ՀՊՏՀ-ի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության միջև այսօր ստորագրված Համագործակցության ծրագրի իրագործման արդյունքում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյունի բացումը առաջինն էր Համագործակցության ծրագրով նախատեսված գործողություններից: Անկյունին տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները ծառայելու են երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանն անկյունը օգտագործելու է նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս:

Համալսարանում անց է կացվել նաեւ լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է Հազարմայակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան: Ցուցահանդեսը համալսարանի ուսանողներին և անձնակազմին ներկայացնում է ՄԱԿ-ի քսանամյա գործունեությունը Հայաստանում:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն բուհի ուսանողների եւ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը ՄԱԿ-ի ուշադրության առանցքում է, քանի որ երիտասարդները ցանկացած հասարակության շարժիչ ուժն են: «Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներից են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում», - հավելել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը` նշելով, որ համատեղ գործողություններն ուսանողներին հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից բացի, 2012 թվականի ընթացքում երկկողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև: Սլավոնական, Մանկավարժական և Ագրարային համալսարաններում բացվել են նաև ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ համալսարաններից մեկը:

ՄԱԿ ՀՏՎ-ն ՄԱԿ-ի հանրային խոսափողն է, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը: 1946-ից ի վեր ՄԱԿ ՀՏՎ-ն օգտագործում է տպագիր, էլեկտրոնային ու հաղորդակցության նոր միջոցները` նպաստելով ՄԱԿ-ի գործունեության և վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում