Հեֆֆերնը խոսել է ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններիցսպասելիքների մասին
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին:
«Կարեւոր է, որ ամրապնդվեն այն դրական միտումները, որոնք նկատվեցին մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն իրականացնում էր դիտորդական առաքելություն: ԺՀՄԻԳ-ի կողմից ներկայացվել են որոշակի առաջարկներ, որոնց իրականացումը կարող է օգնել ընտրությունների անցկացմանը»,-ընդգծեց Հեֆֆերնը:
Նրա խոսքով` ՀՀ կառավարության կողմից ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որը դիտարկում է ներկայացված բոլոր 26 առաջարկները:
«Մի քանի օր առաջ ՀՀ-ում իրենց առաքելությունն իրականացնող բոլոր դեսպաններին ներկայացվեց այն, ինչ ՀՀ կառավարությունը ծրագրում է անել առաջարկների մասով: Մենք գնահատում ենք այն մանրամասն պատասխանը, որ կառավարության կողմից պատրաստվել է այդ առաջարկների վերաբերյալ, ի դեպ, առաջարկների մեծ մասն ընդունվում է: Որոշ առաջարկների հետ կապված դեռեւս լրացուցիչ երկխոսության կարիք կա ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ, իսկ մի քանիսի հետ կապված պահանջվում են ընտրական օրենսդրության փոփոխություններ, սակայն մինչ ընտրությունները ժամանակը կարճ է այդ փոփոխությունների համար, եւ այդ առաջարկները կկատարվեն ընտրություններից հետո: Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին եւ հուսով ենք, որ դրանք կլինեն թափանցիկ եւ արդար: Ակնկալում ենք, որ այդ ընտրությունների ժամանակ կապահովվի ամուր եւ արդար մրցակցությունը»,-նշեց դեսպանը: