Մշակույթ

Հին Գորիսում վերականգնված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կվերաօծվի

2 րոպեի ընթերցում

Հին Գորիսում վերականգնված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կվերաօծվի

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Հին Գորիս բնակատեղիում վերականգնված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերաօծումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին` «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառման շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի փոխնահարար Արեւ Սամուելյանը տեղեկացրեց, որ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների ցանկը մեկնարկել է սեպտեմբերի 27-28-ին, երբ Երեւանի 8 միջին եւ 2 ավագ դպրոցներում տեսաշար-դասախոսություններով հանդես են եկել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:

Սամուելյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 30-ին Արագածոտնի Չքնաղ համայնքի մշակույթի տանը կկայանա «Եվրոպա Նոստրա-2012» մրցանակաբաշխության պատվոգրերի հանձնումը Չքնաղ համայնքի պատվավոր անդամ Գառնիկ Հովսեփյանին` «Անհատի կողմից օրինակելի ներդրում մշակութային ժառանգության բնագավառում» անվանակարգում:

Նույն օրը կկայանա նաեւ «Պահպանություն հանուն ապագայի» տեսաշարի դիտումը:

Սեպտեմբերի 29-30-ը հանրապետության 24 թանգարանների մուտքն անվճար կլինի այցելուների համար:

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակներում «Մշակութային ժառանգություն» ֆեյսբուքյան էջը ուսանողների համար իրականացնում է գրական ստեղծագործությունների եւ գեղարվեստական լուսանկարների` «Մշակութային ժառանգություն-հնի եւ նորի ճանապարհ» եւ «Հուշարձանները մեր ընտանեկան ֆոտոալբոմում» խորագրերով մրցույթները, որոնք կմեկնարկեն սեպտեմբերի 29-ին եւ կամփոփվեն նոյեմբերի 15-ին:

Մասնագիտական խորհրդի կողմից հավանության արժանացած եւ ֆեյսբուքում շատ դրական արձագանքներ ստացած ստեղծագործությունները կպարգեւատրվեն Մշակույթի նախարարության սահմանած մրցանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում