Արտաշատը կընդունի Ռոբերտ Էմմիյանի անվան աթլետիկայի միջազգային մրցաշարը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում սեպտեմբերի 15-ին կմեկնարկեն Ռոբերտ Էմմիյանի անվան աթլետիկայի գավաթի մրցումները: Ավանդական դարձած այս մրցաշարն անցկացվում է արդեն 11-րդ անգամ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Էմմիյանը, այս տարվա մրցաշարն առանձնանում է նրանով, որ պատվավոր հյուրերի թվում են աթլետիկայի միջազգային եւ Եվրոպական միության ֆեդերացիաների փոխնախագահները:
«Մեր նպատակն այս տարի քիչ այլ է, ցանկանում ենք մրցաշարի հետ մեկտեղ համաշխարհային աթլետիկայի ներկայացուցիչների ուշադրությանը հրավիրել մեր մարզիկների վրա, ովքեր իսկապես լավ հեռանկարներ ունեն»,-ասաց Էմմիյանը:
Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթին այս տարի կմասնակցեն 13 աթլետներ` Ռուսաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Ղազախստանից և այլ տեղերից:
Հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը եղել է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, Եվրոպայի աթլետիկայի ամառային եւ ձմեռային առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության երկրորդ մրցանակակիր: 1987 թվականին հայ մարզիկը սահմանեց հեռացատկի Եվրոպայի ռեկորդ (8 մետր 86 սմ): «Հին աշխարհամասի» մարզիկներին մինչեւ օրս չի հաջողվել գերազանցել մեր հայրենակցի ռեկորդը: Էմմիյանն աշխատել է նաև Ֆրանսիայի եւ Քաթարի աթլետիկայի ֆեդերացիաներում, իսկ 2010-ից գլխավորում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան: