Ռումինիայում Հունգարիայի դեսպանը կառավարության անունից ներողություն է խնդրել հայերից
7 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինահայերը սեպտեմբերի 6-ինբողոքի ակցիա անցկացրին Բուխարեստում Հունգարիայի դեսպանության առջեւ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, համայնքի պատվիրակությունը` Ռումինիայի խորհրդարանի փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանի եւ Ռումինահայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանայի գլխավորությամբ, բողոքի նամակ հանձնեցին դեսպանությանը, ուր համայնքն իր ընդվզումն էր հայտնում ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման եւ ազատ արձակման ամոթալի գործի կապակցությամբ: «Մարդասպանի արտահանձնումը ոտնահարում է ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկիր Հունգարիայի ընդունած բոլոր արժեքները: Ռումինահայ համայնքը հունգարահայ համայնքի կողքին է եւ կարծում է, որ հունգարական կառավարության արարքը խախտել է ազգային արժանապատվությունը մի էթնիկ խմբի, որը ներդաշնակորեն ապրել է հունգար ժողովրդի կողքին դեռեւս հունգարական պետության հիմնադրման պահից: Ռումինահայ համայնքն ամբողջ աշխարհի հայերի հետ միասին բացատրություններ է պահանջում Հունգարիայի կառավարության անընդունելի որոշման հետ կապված, որ մարդասպանին հանձնում է մի երկրի, ուր փառավորվում է քրեական արարքը, այսպիսով, դառնալով մարդասպանի ներման եւ նրա աններելի հանցագործության հանցակից»,- ասվում է բողոքի նամակի մեջ:
Պատվիրակությանն ուղեկցող տասնյակ երիտասարդներ դեսպանության դիմաց պարզել էին «Դավադրություն Բաքվի խանի հետ», «Դուք թքել եք արդարության վրա, դուք թքել եք մարդկության վրա 30 արծաթի դիմաց», «Դուք ձեզ դուրս եք դրել եվրոպական արժեքներից», «Հունգարական արդարադատությունը` վաճառքի», «Ամոթ հունգարական կառավարությանը», «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա», «Համերաշխություն հունգարահայերի հետ» վերտառությամբ անգլերեն, ռումիներեն եւ հունգարերեն պաստառներ: Անցորդներին բաժանվեցին տեղեկատու թերթիկներ:
Պատվիրակությանն այնուհետեւ ցուցարար երիտասարդներին դեսպանության շենքում ընդունեց Բուխարեստում Հունգարիայի դեսպան Օսկար Ֆուզեշը, ով հունգարական կառավարության անունից ներողություն խնդրեց «բարեկամ հայերից» եւ իր խոր ափսոսանքը հայտնեց կատարվածի կապակցությամբ: Նա նշեց, որ հայերը հունգարացիների հետ ուս ուսի կերտել են Հունգարիան, եւ այսպիսի ցավալի միջադեպը չպետք է խաթարի դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը: Որպես իր ասածի հավաստիացում, դեսպանը շենքի ներսում եւ դրսում լուսանկարվեց ցուցարարների հետ` այդպիսով հայտնելով իր անհամաձայնությունը կատարվածի նկատմամբ եւ համերաշխությունը հայ ժողովրդի հետ:
Այնուհետեւ ցուցարարները շարժվեցին դեպի Բուխարեստի Հայկական թաղամաս, ուր Հայոց եկեղեցու առջեւ շարունակեցին հավաքը:
Ռումինական մամուլը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել հայ-հունգարական դիվանագիտական միջադեպը: Հեղինակավոր «Ադեվարուլ» (Adevarul) օրաթերթը, որ սեպտեմբերի 3-ին մի ամբողջ էջ էր նվիրել նյութին, երեկվա համարում տեղ է հատկացրել փորձագետների գնահատականներին: «Բաքվի ռեժիմի կողմից մարդասպանի արդարացումը ծաղրանք է ԵՄ-ին, որը միլիոնավոր եվրոներ է տրամադրում Ադրբեջանին, քանի որ այս երկիրը որպես Արեւելյան գործընկերության անդամ բարեփոխում է արդարադատության համակարգը»,- մեջբերում է թերթը Եվրոպական քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Հրանտ Կոստանյանին: Փորձագետը խորհուրդ է տալիս ԵՄ-ին կանգնեցնել այդ հատկացումները եւ էներգետիկ համագործակցությունը: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ստորագրեց սպանության համար Հունգարիայի դատարանի կողմից դատապարտված Ռամիլ Սաֆարովի արդարացման հրամանագիրը արդարադատության համակարգի եւ երկրում միգրացիայի բարեփոխումների համար ԵՄ-ի կողմից 19.5մլն. եվրո նվիրատվության խոստումից ընդամենը ութ օր անց»,- նշում է փորձագետը: Հրանտ Կոստանյանը համարում է, որ Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպանի հանձնումը Ադրբեջանին լուրջ հետեւանքներ ունի ԵՄ-ի կողմից տանը եւ հարեւան երկրներում իրականացվող ժողովրդավարական արդարադատության մոդելի վրա: Եթե դա նշանակություն չունի գործընկեր երկրներում, ապա ինչ գործընկերության մասին է խոսքը:
Հետեւաբար, նրա կարծիքով, ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչը եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը պետք է խստորեն դատապարտեն արտահանձնումը եւ արդարացումը: Քեթրին Էշթոնը պետք է արտաքին գործերի խորհուրդ հրավիրի եւ բացատրություններ պահանջի Հունգարիայի ԱԳ նախարարից:
Կոստանյանը նաեւ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵՄ չպետք է տարբերություններ դնի եվրոպական նորմերի նմանատիպ խախտումների միջեւ: Պատժել Բելառուսին մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար եւ թույլատրել նմանատիպ խախտումներ Ադրբեջանի պարագայում, ցույց է տալիս արտաքին գործողությունների նոր ծառայության անհետեւողականությունը եւ անհուսալիությունը: Ըստ փորձագետի, ԵՄ-ն պետք է կանգնեցնի մի երկրի ֆինանսավորումը, որը «չի հարգում ազատությունը, ժողովրդավարությունը, հիմնարար ազատությունները եւ օրենքի գերակայությունը»:
«Ադեվարուլ» թերթը մեջբերում է նաեւ ԱՊՀ տարածքով զբաղվող վերլուծաբան Լիլիթ Գեւորգյանին, ով պարզաբանում է, թե «երկար ժամանակ Ադրբեջանը հատուկ կարգավիճակ է վայելում Արեւելյան գործընկերության շրջանակներում: Նրա ռազմավարական կարեւորությունը գերագնահատվել է ԵՄ-ի կողմից, նշում է փորձագետը, եւ այդ իսկ պատճառով չկան տուգանքներ կամ զգուշացումներ: Բաքվի հետ հաշվի են նստում Նաբուկո ծրագրի շնորհիվ, որն այլընտրանք է ռուսական գազի նկատմամբ, սակայն նրա կենսագործումը դանդաղում է: Եվ, ի տարբերություն Բելառուսի կամ Ուզբեկստանի, Ադրբեջանը երբեք չի ենթարկվել ԵՄ սանկցիաների»:
Ռումինահայերն իրենց խոր վրդովմունքն ու զայրույթն էին հայտնել Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի ոճրագործին հանձնելու եւ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու կապակցությամբ, այն դիտելով որպես հայ ժողովրդի դեմ թշնամական արարք եւ նահատակ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակի հանդեպ անարգանք:Նրանք դիմել են Հունգարիայի քաղաքական եւ ռազմավարական գործընկերներ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին, այս կազմակերպությունների գործընկեր երկրներին, բացատրություններ պահանջելու այդ անընդունելի որոշման հետ կապված: