Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ստամբուլում բողոքի բազմամարդ ցույց է անցկացվում` դատապարտելով հայազգի զինվորի սպանությունը

Ստամբուլում բողոքի բազմամարդ ցույց է անցկացվում` դատապարտելով հայազգի 
զինվորի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայերի կողմից հիմնադրված «Նոր զարթոնք» կազմակերպությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բողոքի ցույց իրականացրեց` բողոքելով 2012 թվականի ապրիլի 24–ին թուրքական բանակում հայազգի զինվոր Սեւակ Բալըքչըի սպանության դեմ:

«Նոր զարթոնք» կազմակերպության ներկայացուցիչ Սայաթ Փեքիրն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Թաքսիմում հավաքվել է շուրջ 250 հոգի, նրանք միասին պետք է քայլերթով գնան մեկ այլ թաղամաս, որտեղ վերջիններիս կմիանա մարդկանց նոր խումբ` ընդհանուր առմամբ կազմելով շուրջ 1000 մարդ.«նրանք բոլորը կմիավորվեն հանուն արդարության»:

«Քիչ թիվ են կազմում հայերը, հիմնականում օտարերկրացիներ են, ներկա են նաեւ Սեւակի ընտանիքի անդամները» ,- ասաց նա` հավելելով, որ ներկաները վանկարկում են «արդարության պայքարը նոր է սկսվելու», «Սեւակին չպետք է մոռանանք» արտահայտությունները: Սեւակի սպանությունից հետո անցել է մոտ մեկ տարի եւ չորս ամիս, սակայն մարդասպանի կասկածյալը դեռեւս ազատության մեջ է: «Կոչ ենք անում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաեւ նրանց, ովքեր դեմ են բռնությանը եւ խիղճ ունեն, լինել Սեւակի ընտանիքի կողքին եւ դատական գործը դարձնել իրենը»,- ասաց նա:

2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական ծառայողական զորամասում սպանվել էր հայազգի զինվոր Սեւակ Բալըքչըն: Ըստ պաշտոնական վարկածի` հայազգի զինվորն սպանվել էր իր ծառայակից ընկերոջ կողմից` անզգուշորեն: Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն` ապրիլի 24-ի առավոտյան նա մահացել է զինծառայակցի հետ կատակելու ժամանակ իբր պատահաբար արձակված կրակոցից: Սակայն հետագայում թուրքական լրատվամիջոցները տարածեցին լուրեր այն մասին, որ Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուն կապված է ազգայնական ուժերի հետ: Այդուհանդերձ, Դիարբեքիրի 2-րդ ռազմական դատարանը 2011 թվականի օգոստոսի 1-ին որոշում էր կայացրել 3 ամսվա կալանքից հետո ազատ արձակել մարդասպանին` հանգելով այն եզրակացության, թե հայ զինվորին «անզգուշորեն» սպանած Աղաօղլուն փախչելու որեւէ առիթ չունի, թեպետ դատական գործը դեռեւս փակված չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am