Քաղաքականություն

Էշթոնը և Ֆյուլեն մտահոգված են Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի որոշմամբ

2 րոպեի ընթերցում

 Էշթոնը և Ֆյուլեն մտահոգված են Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի նախագահի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են ընդունել, որում իրենց մտահոգությունն են հայտնում 2004թ-ին Բուդապեշտում Հայոց Բանակի սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներելու՝ Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի եվրոպական ծառայության մամլո կենտրոնից, ԵՄ ներկայացուցիչները կապ են պաշտպանում համապատասխան իրավասու իշխանության մարմինների հետ և խստորեն հետևելու են իրադարձությունների ընթացքին:

«Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից Ադրբեջան է տեղափոխվել օգոստոսի 31-ին՝ ադրբեջանական խնդրանքի հիման վրա՝ 1983թ-ի մարտի 21-ին ընդունված Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ Ստրասբուրգի կոնվենցիայի հիմքով, որպեսզի Ադրբեջանում շարունակի կրել իր պատժաչափը: Տարածաշրջանային կայունության և հաշտեցման շարունակական ջանքերի առաջընթացի համար Բարձր ներկայացուցիչը և Հանձնակատար Ֆյուլեն վերահաստատում են Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված զսպվածության իրենց կոչը ինչպես տեղում, այնպես էլ հայտարարություններում՝ զերծ մնալու համար իրավիճակի հետագա էսկալացիայից»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Մինչդեռ օգոստոսի 31-ին ոճրագործն էքստրադիցիայի ենթարկվեց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց: Այս իրադարձությունների հետևանքով Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում