Արոնյանն օլիմպիադային նախապատրաստվում Է իր անհատական ծրագրով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ստամբուլի օլիմպիադային նախապատրաստվում է իր անհատական ծրագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Արոնյանը չի մասնակցել վերջերս Աստանայում կայացած «Արագ եւ կայծակնային» շախմատի աշխարհի առաջնություններին` նախընտրելով նախապատրաստվել օլիմպիադային:
Արոնյանը, ինչպես նաեւ գրոսմայստերներ, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը չեն մասնակցելու նաեւ ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերին, ինչը բացատրվում Է շախմատիստների «ներքին Էթիկայով»: Այս երեք շախմատիստներն արդեն իրավունք են ստացել մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարին, հետեւաբար` նրանց մասնակցությունը եւ հաջող ելույթները «Գրան պրի» մրցաշարերին` «ֆինանսական վնաս կհասցնի այլ շախմատիստներին»:
ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի խոսքով, յուրաքանչյուր շախմատիստ ինքն Է որոշում` ինչպես նախապատրաստվել օլիմպիադային: «Հայաստանի շախմատի առաջատարը լավ գիտե, թե ինչպես պահպանել լավագույն մարզավիճակը: Իսկ նախապատրաստական գործընթացը պայմանավորված է բազմաթիվ գործոններով եւ ոչ միայն մրցումներին մասնակցելով»,-ասաց նա:
Վարդապետյանն ընդգծում է. «Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը Ստամբուլում պայքարելու Է ամենաբարձր տեղի, իսկ կանանց թիմը` առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու համար»:
Աշոտ Վարդապետյանը Ստամբուլի շախմատի օլիմպիադայի վարչական հանձնաժողովի նախագահն Է:
Շախմատի համաշխարհային օլիմպիադան կայանալու է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը, Ստամբուլում: Մինչ Ստամբուլ մեկնելը Հայաստանի շախմատիստներն օգոստոսին Հայաստանում ուսումնամարզական հավաք կանցկացնեն: