Մշակույթ

«Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելը «Դորիանս»-ի համար «թասիբի» հարց է

3 րոպեի ընթերցում

 «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելը «Դորիանս»-ի համար «թասիբի» հարց է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Դորիանս» ռոք խումբը դեմ չէ մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին: Սոցիալական ցանցերի բազմաթիվ քվեարկության էջերում խումբն առաջատար դիրք է զբաղեցնում որպես Հայաստանը մրցույթում ներկայացնելու ամենահավանական թեկնածուների շարքում:

«Գաղտնիք չէ ,որ Եվրատեսիլին մասնակցելու «տենդով» երբեք չենք տառապել, սակայն Ադրբեջանի հաղթանակից հետո մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ անվտանգության երաշխիքների դեպքում՝ պատրաստ ենք ներկայացնել Հայաստանը Բաքվում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը: Նրա խոսքով`

խումբը չիմանալով` ինչպիսի ընթացք կստանա Եվրատեսիլյան թեման՝ պատրաստել է հատուկ This is our world երգը, որը Գեւորգյանի կարծիքով, համապատասխան է Հայաստանի կողմից ցանկացած, հատկապես` ադրբեջանական բեմում հնչելու համար:

Երգի հեղինակն է Արման Փահլեւանյանը, խոսքերինը` Վարդան Զադոյանը:

Պրոդյուսերը վստահեցնում է, որ անկախ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի ձեւաչափից` խմբի անդամները պատրաստ են մեկնելու Բաքու եւ հավուր պատշաճի ներկայացնելու Հայաստանը միջազգային երգի մրցույթում:

«Անվտանգության երաշխիքներ ունենալուպարագայում մենք վստահաբար կմասնակցենք` լավ իմանալով, որ հանդիպելու ենք այնտեղ մի շարք լուրջ խնդիրների եւ խոչընդոտների»,- պարզաբանեց Գեւորգյանը: Նա հավելեց, որ անգամ հոգեբանորեն դժվար է ելույթ ունենալ 20 000 հանդիսատես տեղավորող դահլիճում, երբ անգամ անցանկալի սուլոցները եւ բղավոցները անխուսափելի են լինելու:

I can fly երգով 2009 –ին «Եվրատեսիլ»-ի հայկական նախընտրական փուլում մասնակցելով` «Դորիանս»-ն ապահովեց բարձր վարկանիշ իր եւ հայկական ռոքի համար:

«Երբ Եվա Ռիվասի հետ մեկնեցի որպես back vocal, հասկացա, որ մրցակցությունը երկրորդական է «Եվրատեսիլ»-ում: Այն առաջին հերթին մեծ երաժշտական տոն է»,- «Արմենպրես»-ին պատմեց «Դորիանս» խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը:

Նա կողմ է, որ խումբը մասնակցի մրցույթին Բաքվում, քանի որ դա խմբի համար առաջին հերթին «թասիբի» հարց է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում