Թումանյանի թբիլիսյան տան խնդիրը հանգուցալուծվել է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը կվերածվի Թումանյանի անվան մշակութային կենտրոնի: Հայաստանցի գործարարը պատրաստակամություն է հայտնել գնել բնակարանը: Գաղափարը հավանության է արժանացել այսօրՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իռմա Սաֆրաստբեկյանը:
Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեւոն Անանյանը, կա պատրաստակամություն հարցի դրական լուծման վերաբերյալ: «Քննարկվեցին մի քանի տարբերակներ եւ հանգեցինք Թումանյանի թոռնուհու առաջարկած տարբերակին, որի համաձայն` ամբողջ տարածքը կգնի հայ գործարարներից մեկը»,- ասաց նա: Տարածքը կվերանորոգվի, կնվիրի Թբիլիսիի հայ համայնքին: Խոսքն ինչպես տան մի հատվածի սեփականատեր Արչիլ Լեժավային պատկանող 120 քմ տարածքի, այնպես էլ` Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային պատկանող 100 քմ տարածքի մասին է:
Հարցի վերջնական լուծումն ակնկալվում է օրերս:
Հարակից նորություններ
Թբիլիսի մեկնած հայկական պատվիրակությունը կհանդիպի Թումանյանի ծոռնուհու հետ




