Միջազգային մամուլը հեղեղված է Ֆրանսիայի Սենատում քվեարկության դրված հայկական օրինագծի վերաբերյալ նյութերով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական եւ համաշխարհային մամուլը բուռն քննարկումներ է ծավալել Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի քննարկումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Le Figaro-ն գրում է, որ Թուրքիան սպառնում է Ֆրանսիային օրինագծի ընդունման պարագայում դիվանագիտական եւ տնտեսական պատերազմ սանձազերծել այդ երկրի դեմ:
Անգլիական The Telegraph-ը մեջբերում է Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետտիին, ով այսօր կոչ է արել Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Թուրքիան փորձում է ճնշումներ գործադրել Ֆրանսիայի վրա, ինչի ուղղությամբ աշխատում են եւ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը, եւ Ֆրանսիա մեկնած թուրք խորհրդարանականների պատվիրակությունը»,- գրում է The Telegraph-ը:
Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի քաղաքականություններն է համեմատում Los Angeles Times-ը: «Օսմանյան կայսրությունում 1915թ. մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը ցեղասպանական գործողություն է. դա փաստ է: Փաստ է նաեւ հրեական Հոլոքոստը: Սակայն ամերիկացիները կարող են հերքել այս ճշմարտությունները, առանց որեւէ պատժի»,- գրում է թերթը` շեշտելով, որ Ֆրանսիան ձեռնարկել է մի կանխարգելիչ քայլ, որով կարգելվի պատմական ճշմարտությունների` կասկածի տակ դնելու հնարավորությունը»,-գրել է թերթը: