Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Իսլամական գազամուղը` ընդդեմ NABUCCO-ի

Իսլամական գազամուղը` ընդդեմ NABUCCO-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգակիրների քաղաքական ազդեցության մասին շատ է գրվել, եւ հավանաբար պատահական չէ, որ այս հարցի շուրջ սկիզբ առնող ցանկացած զարգացում դիտարկվում է հենց այդ տեսանկյունից: Հետեւաբար զարմանալի չէ, որ հուլիսի 25-ին Իրանի, Իրաքի եւ Սիրիայի նավթի նախարարների մասնակցությամբ նոր գազմուղի կառուցման շուրջ կնքված պայմանագիրը դիտարկվում է որպես այս երկրների կողմից գազի համաշխարհային շուկայում ադեցությունն ունեցող պետություններին նետված մարտահրավեր:

Ինչպես հայտնի է, 3 երկրների կողմից ստորագրված Փոխըմբռման հուշագիրը (Memorandum of Understanding) հայտարարում է Իրանից դեպի Միջերկրական ծով եւ ապա Եվրոպա նոր գազամուղի կառուցման մասին: 5600 կմ երկարության գազամուղը իրանական գազի ամենամեծ հանքավայրերից մեկից' Հարավային Ֆարսից (Պարսից ծոց), պետք է այդ էներգակիրը հասցնի Իրաք, ապա' Սիրիա, նաեւ Լիբանան, որտեղից էլ այն կտեղափոխվի Եվրոպա: Ինչպես պնդում են իրանական կողմի ներկայացուցիչները, գազամուղի կառուցման եւ գազի մղման մասին առաջին պայմանագիրն արդեն պատրաստ է եւ այն կկնքվի մինչեւ 2011թ. օգոստոսի վերջ:

Համաձայն նախնական հաշվարկների' գազամուղը կկառուցվի 3 - 5 տարիների ընթացքում եւ մոտ 140 սմ լայնության խողովակաշարով տարեկան մինչեւ 40 մլրդ խորանարդ մետր գազ կմղվի դեպի Միջերկրական ծովի ափը եւ ապա Եվրոպա: Ի դեպ, նշենք, որ նախագծվող գազմուղն ավելի հզոր է լինելու, քան հայտնի NABUCCO-ն, որի հնարավորությունը տարեկան կազմում է առավելագույնը 32 մլրդ խորանարդ մետր: Ավելացնենք նաեւ, որի Իրանի Հարավային Ֆարս հանքավայրի հզորությունը գնահատվում է մոտ 7.3 տրիլիոն խորանարդ մետր. սա աշխարհում գազի ամենամեծ հանքավայրերից մեկն է: «Իսլամական գազամուղ»( Islamic Gas Pipeline) կոչված խողովակաշարի ընդհանուր արժեքը, ըստ նախնական հաշվարկի, կկազմի մոտ 10 մլրդ. դոլար:

Բանակցությունները Իսլամական գազամուղի կառուցման շուրջ սկսվել էին դեռ 2009թ-ին, եւ արդեն այն ժամանակ երեք երկրների միջեւ կնքվել էր մտադրությունների մասին նախնական պայմանագիր: Կնքված պայմանգիրը, ըստ կողմերի, նաեւ հաստատում է Իրանի եւ Իրաքի միջեւ խորացող բարիդրացիական հարաբերությունների մասին: Իրաքի նավթի նախարար Աբդուլ Կարիմ Լուայբին հայտարարել է, որ «ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի խոչընդոտ չեն երկկողմ հարաբերությունների համար: Իրաքը ողջունում է ընդլայնվող համագործակցությունը Իրանի հետ, եւ մենք երկու հարեւան պետությունների միջեւ ընդլայնվող համագործակցության վկան ենք»: Հիշեցնենք, որ իր միջուկային ծրագրերի համար Իրանը գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո եւ նավթի արդյունահանմամբ զբաղվող վերազգային շատ ընկերություններ ստիպված էին դադարեցնել իրենց գործունեությունը Իրանի տարածքում ու հեռանալ: Իսկ Իրանը էներգակիրների իր պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է: Վերջինս օրական արտահանում է 137 մլն/բարել նավթ' այս ցուցանիշով զիջելով ՕՊԵԿ- ի մեկ այլ անդամի' Սաուդյան Արաբիային, գազի պաշարնեով' 28 տրիլիոն խորանարդ մետր, երկրորդն է աշխարհում' հետ մնալով միայն Ռուսաստանից:

Նոր գազամուղի կառուցման շուրջ պայմանագրի կնքումից անմիջապես հետո շատ մասնագետներ շտապեցին հայտարարել, որ այն մրցակից է լինելու NABUCCO խողովակաշարին, ինչին ի պատասխան' Սիրիայի նավթի նախարար Հասան Զեյնաբը եւ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին շտապեցին հավաստիացնել, որ նոր գազամուղը մրցակից չէ NABUCCO-ին եւ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար:

Կնքված եռակողմ պայմանագիրը իսկապես կարելի է ռազմավարական գնահատել, քանի որ այն էականորեն տարբերվում է վերջին տարիներին կառուցվող Արեւելք-Արեւմուտք խողովակաշարային համակարգից: Վերջին 2 տասնամյակում տարածաշրջանում նախագծվող եւ կառուցվող բոլոր խողովակաշարերը' սկիզբ առնող թե' Ադրբեջանից եւ թե' Իրանից, անցնում էին Թուրքիայի տարածքով, այս անգամ պաշտոնական Անկարան դուրս է մղված այս նախագծից: Սա լուրջ հարված կարող է լինել Թուրքիայի տարածաշրջանային դիրքերին' որպես Արեւելքից էներգակիրների տարանցման կարեւորագույն հանգույցի, եւ կնվազեցնի նրա ազդեցությունը Եվրոպայի գազի շուկայում:

Նկատենք, որ գազմուղը կառուցվելու է հիմնականում շիա բնակչություն եւ իշխանություն ունեցող երկրների տարածքով, ինչը որոշակի մարտահրավեր է ոչ միայն թուրքական աշխարհին, այլեւ սունի մահմեդականներին:

Հասկանալի է, որ գազմուղի կառուցման դեմ ակտիվ կերպով հանդես կգա ԱՄՆ-ը, որը չի հանդուրժի միջազգային նմանատիպ ծրագրերում Իրանի մասնակցությունը: Եվրամիությունը, որի գազի աճող պահանջարկը տարեցտարի մեծանում է, դեռ իր կարծիքը չի արտահայտել, իսկ այն նույնպես վճռական է լինելու, քանի որ առանց նրա համաձայնության ռազմավարական այս գործարքը լիարժեք լինել չի կարող:

Այսինքն' պարզ է, որ այս գործարքը որոշակիորեն շոշափում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը, որոնց ռազմավարական շահերը կարող են տուժել գազամուղի կառուցման դեպքում: Այս հարվածը հատկապես շոշափելի կարող է լինել Թուրքիայի համար, որը հավակնում է դառնալ դեպի Արեւմուտք հոսող էներգակիրների կարեւորագույն խաչմերուկ: Հիշենք, որ Իրաքից, Իրանից, Ադրբեջանից դեպի եվրոպական շուկա հոսող նավթա- եւ գազամուղների մեծ մասը անցնում են Թուրքիայի տարածքով, ինչը նրան լրացուցիչ դիվիդենտներ է տալիս տարածաշրջանում իր հավակնությունները բավարարելու գործում:

Միջին Արեւլքի երեք այս պետությունների կնքած պայմանագիրը նոր ազդակ է գազի համաշխարհային շուկայում, որը բացառված չէ նաեւ, որ ստանա Եվրամիության աջակցությունը:

Նախագծի իրականացումը նաեւ կուժեղացնի տարածաշրջանի շիադավան պետությունների դիրքերը սունիների դեմ ընթացող հավերժ մրցակցությունում:

Իսլամական գազամուղն աշխարհաքաղաքական նոր մարտահրավեր է, որը կարող է որոշակիորեն ազդել էներգետիկ անվտանգության համաշխարհային համակարգի վրա: Նոր խողովակաշարը նաեւ աշխարհառազմավարական նոր ուղենիշ է եւ կարող է դառնալ շիադավան երկրների միասնության եւ ընդհանուր շահերի ու քաղաքական հավակնությունների արտահայտիչը: Պարզ է, որ այս նախագծի իրականացման համար սուր պայքար կսկսվի, եւ կձեւավորվեն բաժանարար նոր գծեր, որոնք էլ ավելի կսրեն Միջին Արեւելքում ընթացող ռազմավարական մրցակցությունը:

Արմեն Մանվելյան

Պատմական գիտությունների թեկնածու

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի անդամ        


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am