Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը կընդլայնվի

Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա տարիներին ընդլայնվելու է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանային համալիրը, ընդ որում' ընդլայնվելու են եւ ցուցադրական տարածքը, եւ թանգարանային հարմարությունները:

«Հասկանալի է, որ ցուցադրական տարածքը հենց այնպես չի ընդլայնվում. այն ընդլայնվում է, որովհետեւ մենք ունենք լրացուցիչ տեղեկություն թանգարանային ցուցադրության միջոցով ներկայացնելու առումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը' նշելով, որ իրենք հետազոտական աշխատանքների արդյունքում արդեն պարզել են' ինչպիսի սյուժեներ կարելի է հավելել գոյություն ունեցող ցուցադրությանը:

«Այսինքն' մենք այժմ ի վիճակի ենք կրկնակի ծավալով ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը եւ դրան առնչվող նյութերը»,- նշեց Դեմոյանը' հավելելով, որ հարմարությունների առումով, օրինակ, խիստ կարիք կա լրացուցիչ պահեստների եւ ֆոնդային բաժինների, որովհետեւ վերջին երեք-չորս տարվա ընթացքում այնքան նյութ է կուտակվել, բնօրինակ նյութ, որոնց համար թանգարանին իսկապես տարածք է հարկավոր եւ պահպանման հատուկ ռեժիմ: Անհրաժեշտ է նաեւ նյութերի պահպանման եւ գրադարանային սենյակ, որովհետեւ գրքերն արդեն երկու շարքով են տեղադրում: Կարիք կա գեղարվեստական գործերի սրահի, քանի որ, տնօրենի խոսքով, քանդակը, կերպարվեստի գործերը վավերագրական գրքի հետ չի կարելի դնել:

Ծրագրվում է ունենալ համակարգչային կենտրոն. թվայնացված նյութը հետազոտում են, եւ սովորական այցելուն, եթե ուզում է լրացուցիչ տեղեկություններ քաղել, ապա այդ համակարգչային սենյակում կարող է նստել եւ ծանոթանալ ողջ նյութին: Նպատակ եւ անհրաժեշտություն կա նաեւ դպրոցական դասարան ստեղծելու, որպեսզի «բաց դասը» հենց թանգարանում' ցուցադրության հետ ծանոթանալուց հետո անցկացվի:

Այլ հարմարություններից Հայկ Դեմոյանը նշեց դասախոսությունների սրահը, որովհետեւ գոյություն ունեցող հին սրահն իրենք ցուցադրության մասի համար են նախատեսում, եւ իհարկե, «այնպիսի կարեւոր եւ մարդկային բան, ինչպիսին է բուֆետը», որովհետեւ, թանգարանի տնօրենի խոսքով' հարյուրավոր այցելուներ են գալիս թանգարան, մինչդեռ իրենք չունեն պարզ հնարավորություններ, ասենք' ջուր: «Դա ցանկացած թանգարանի կարեւոր եւ բաղկացուցիչ մասն է: Պտտվելուց հետո մարդ ֆիզիկապես հոգնում է եւ ցանկանում մի բաժակ ջուր կամ սուրճ ըմպելով' իր տպավորությունները կիսել: Դա նույնպես պետք է լինի այդ կառույցի մի մաս»,- նշեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am