ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): ՆԱՏՕ-ն անմիջականորեն
ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում,
սակայն հույս ունի, որ բանակցող կողմերը կգան երկկողմ ընդունելի
համաձայնության: Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի
ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: Այսպիսի
հայտարարություն արեց երկօրյա այցով Երեւանում գտնվող Հարավային Կովկասում եւ
Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ
Սիմոնսն այսօր ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ հրավիրած
ասուլիսում: Ռ. Սիմոնսի խոսքերով` ԼՂ հակամարտության գոտում խաղաղարար ուժեր
տեղակայելու համար նախ անհրաժեշտ է, որ կողմերը հանգեն փոխադարձ ընդունելի
լուծման, ապա միայն քննարկվի, թե ինչ խաղաղարար ուժեր են պետք այդ տարածքում
եւ որ կազմակերպությունը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար: ԵԱՀԿ-ն
ունի հատուկ խումբ, որն ուսումնասիրում է խաղաղարար ուժերի տեղակայման
անհրաժեշտությունն ու կողմերի կարիքները, սակայն ՆԱՏՕ-ն, ըստ Ռ. Սիմոնսի,
դեռեւս չի առաջարկում իր ուժերը:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելուշի
առաջարկին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ԽՎ-ի գարնանային նստաշրջանում
մասնակցության շրջանակներում քննարկել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Ռ.
Սիմոնսը նշեց, որ վեհաժողովը եւս ներգրավված չէ բանակցություններում, սակայն
այն անկախ կառույց է եւ կարող է առաջարկել իր աջակցությունը:
ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը եւս ողջունում է
նման նախաձեռնությունները, սակայն այս անգամ ՀՀ նախագահը չի կարող մասնակցել
վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին, քանի որ այդ օրերին սպասվում է ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների եւ այդ երեք երկրների բարձրաստճան պաշտոնյաների`
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի, üրանսիայի
արտգործնախարարության քաղաքական հարցերի տնօրեն Ստանիսլաս դը Լաբուլեի եւ ԱՄՆ-
ի պետքարտուղարի օգնական Դենիել üրիդի այցելությունը Հայաստան: