ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արփինե Սահակյան): 2006 թ.
առաջին ինն ամիսներին Հայաստանի ազգային գրապալատում նախնական գրանցման եւ
ինդեքսավորման է ենթարկվել1058 գիրք, իսկ առաջին կիսամյակի տվյալներով`
գրապալատ են ստացել արդեն լույս տեսած 268-ը: Նշենք, որ Հայաստանի ազգային
գրապալատի կողմից հաշվառվում են միայն այն գրքերը, որոնք ստացվում են պարտադիր
օրինակի սկզբունքով: Սակայն ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցի հետ զրույցում նշեց
Հայաստանի ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, այդ սկզբունքը ոչ
միշտ է պահպանվում: Այսպես, օրինակ, ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում
ինդեքսավորված եւ նախնական գրանցում ստացած 707 գրքից հրատարակվելուց հետո
Ազգային գրապալատ է ստացվել միայն 268-ն այն դեպքում, երբ, ըստ Հ. Բեքմեզյանի,
դրանցից շուրջ 500-ը, ամենայն հավանականությամբ, հրատարակվել են:
Ներկայացնելով անկախության տարիներից ի վեր հանրապետությունում գրքերի
հրատարակման համայնապատկերը` Հ. Բեքմեզյանը նկատեց, որ 1990-ական թվականների
սկզբին, օբյեկտիվ պատճառներից ելնելով, հրատարակված եւ Ազգային գրապալատ
ստացված գրքերի թիվը բավական քիչ է եղել. 1990 թ. լույս է տեսել 817 անուն
գիրք եւ բրոշյուր, 1991 թ.` 563-ը, 1992 թ.` 311-ը, 1993 թ. հրատարակվել է 258
անուն գիրք եւ բրոշյուր, իսկ 1994 թ. լույս է տեսել ամենաքիչ թվով գիրք` 224:
Ըստ Հ. Բեքմեզյանի` պատերազմական տարիներից հետո գրքի տպագրությունը կրկին
աշխուժացել է, եւ եթե 2004թ. տպագրվել է 1078, ապա 2005 թ.` 1089 անուն գիրք
եւ բրոշյուր: Ըստ Ազգային գրապալատի տնօերնի` այս թիվը շուտով կգերազանցի նաեւ
խորհրդային տարիներին հրատարակվող գրքերի թիվը: Այսպես, խորհրդային տարիներին
տարեկան հրատարակվում էր առավելագույնը 1100 անուն գիրք, բայց ընդհանուր 10
մլն տպաքանակով, այսինքն` ամեն գիրք լույս էր տեսնում միջինը 10 000
տպաքանակով: Այսօր ավելի շատ անուն գիրք է հրատարակվում (եթե հաշվի առնենք ոչ
պարբերական գրականության բոլոր տեսակները), բայց յուրաքանչյուրը` ընդամենը
միջինը 500 օրինակով:
Նշենք, որ Հայաստանի ազգային գրապալատը յուրաքանչյուր տարի հրատարակում է
Հայաստանում լույս տեսած պարբերական եւ ոչ պարբերական գրականության
մատենագիտական ցանկերի տարեգրքեր: