Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մշակույթն է մեր զենքը, գոյության աղբյուրը. վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներով հանդես կգա մարզերում

Մշակույթն է մեր զենքը, գոյության աղբյուրը. վիրտուոզ ջութակահար Սերգեյ 
Խաչատրյանը համերգներով հանդես կգա մարզերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ աննախադեպ շրջագայության կմեկնի Հայաստանի մարզեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգները կմեկնարկեն մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից և կշարունակվեն մայիսի 15-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում:

Շրջագայությունը կեզրափակվի մայիսի 17-ին Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայանալիք համերգով:  

Կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից:

«Պատահել է՝ շրջագայել ենք մարզերում. ընկերներով կամերային նվագախումբ ենք ստեղծել ու Արցախում ևս նվագել ենք: Վերջին տարիներին ավելի պարզ դարձավ՝ եթե ազգը ցանկանում է գոյատևել, հատկապես մեր ազգը, այն պետք է կարևորի մշակույթը, որովհետև մշակույթն է մեր զենքը, գոյության աղբյուրը, որի շնորհիվ կանք մինչ օրս: Ցավոք, տեսնում ենք, որ շատերը չեն կարևորում այն»,-նշում է Սերգեյ Խաչատրյանն ու ընդգծում կոնսերվատորիայի, թանգարանների և այլ մշակութային հաստատությունների դերը արժեքների ստեղծման ու պահպանման գործում, նշում, որ այդ կառույցների ստեղծած մթնոլորտը դաստիարակում է, կրթում:

DSC06422.jpeg (3.57 MB)

Երաժիշտը Երևանը բավականին ակտիվ համերգային կյանքով ապրող քաղաք է համարում, որը հյուրընկալում է ականավոր արտիստների, նաև հասկանում, որ այդ հայտնի մարդիկ, որոնք համերգով ներկայանում են Երևանում, դժվար գնան Գորիս, Մեղրի, Կապան կամ այլ քաղաքներ, ուստի առավել կարևորում է հայ երաժիշտների՝ մարզերում ելույթներ ունենալու առաքելությունը:  

«Ինչո՞ւ էի շատ ցանկանում այցելել նաև Հարավային Հայաստան, քանի որ մտածում եմ՝ այնտեղ բավականին դժվար ժամանակներ են ապրում, ավելի դժվար, քանի Երևանում: Շատ էինք ուզում նաև Արցախ գնալ: Ցանկացա նվագել ոչ միայն փոքր մենահամերգով, որը հեշտ է կազմակերպել, այլև ավելի մեծ նվագախմբով, ուստի ուրախ եմ, որ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Էդուարդ Թոփչյանը միացան ինձ»,-ասում է Սերգեյ Խաչատրյանը:

DSC06405.jpeg (21.91 MB)

Նրա խոսքով՝ կան մարդիկ, որ չեն ընդունում նման ժամանակներում համերգների կազմակերպումը: Ջութակահարը կարծում է՝ դասական երաժշտությունն օգնում է մարդկանց ինչ-որ չափով դուրս գալ  այն իրավիճակից, որում գտնվում են: «Գիտակցում եմ, որ համերգները Հայաստանի ապագան չեն փոխելու, փոքր կաթիլ են, սակայն անհրաժեշտ են»,-շեշտում է Սերգեյ Խաչատրյանը:

Մինչ մարզային շրջագայության սկսելը Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ  է ունեցել Երևանում՝«Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս)՝ մասնակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Խաչատրյանի կատարմամբ հնչել է Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Թոփչյանը վաղուց է ցանկացել կատարել «Բաբի Յառ»-ը, որը արդիական ստեղծագործություն է համարում: «Ես այն չեմ կապում Հայաստանի հետ: Մարդկության պատմությունն անընդհատ կրկնվում է. մարդիկ չեն հասկանում, որ չի կարելի  ոչնչացնել միմյանց, նրանք անընդհատ խաբում են իրար՝ ասելով, որ պետք է դիվանագիտություն լինի, չպետք է կոշտ արտահայտվել և այլն, այսինքն՝ մարդուն նեղացնելու համար նրան պետք է ասել ճշմարտությունը, իսկ որպեսզի չնեղանա, պետք է չասես դա: Շատ վատ է, որ այդպես է, սակայն աշխարհը ստի մեջ է, և մարդիկ չեն ցանկանում տեսնել իրենց կողքինի ցավը, և ես զարմանում եմ, թե ինչպես են այդպես ապրում, թվում է՝  մի քանի հոգի նստած պտտում են ողջ աշխարհը»,- ընդգծում է դիրիժորն ու հավելում, որ «Բաբի Յառ»-ը կատարելով՝ հատուկ նպատակ չեն հետապնդում, պարզապես այն հանճարեղ երաժշտական ստեղծագործություն է, որը պետք է հնչի:

DSC06297.jpeg (4.95 MB)

Խոսելով Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտի մասին՝ Թոփչյանը հավաստիացանում է, որ Սերգեյ Խաչատրյանը այդ կոնցերտի լավագույն կատարողն է:

Սերգեյ Խաչատրյանի ցանկացած համերգ աշխարհի ցանկացած երկրում ավատվում է Կոմիտասի կամ Նարեկացու ստեղծագործություններով: Երևանյան համերգն էլ բացառություն չի եղել. որպես բիս նա կատարել է Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը, որը հանդիսատեսն ընդունել է մեծ հուզմունքով և հոտնկայս ծափահարություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am