Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ 
վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերլուծաբան Արմեն Պետրոսյանը դրական է համարում, որ վերջին շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների համար հարթակների բազմազանություն կա։

Արմեն Պետրոսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է ակնկալել Ալմաթիում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումից։  

Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել հայ-ադրբեջանական բանակցությունների նոր՝ ղազախական հարթակի ընտրության վրա․ հիմա շատերը փորձում են կենտրոնանալ այդ հարթակին վերաբերվող հարցի ձևական կողմի վրա, մինչդեռ այստեղ կարելի է տեսնել կարևոր բովանդակություն, առավել ևս, որ Հայաստանի տեսանկյունից բանակցային գործընթացի առթիվ կան և՛ դրական, և՛ բացասական գործոններ։

 «Ղազախստանը՝ որպես Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարթակ, միանգամայն նորություն է, նոր իրողություն ամբողջ կարգավորման գործընթացում։ Ինչպես նշում է պաշտոնական Աստանան, այս պահի դրությամբ և հետագայում ևս, եթե բանակցությունները շարունակվեն տվյալ հարթակում, Աստանան հազիվ թե բարի ծառայություններ մատուցող դերակատարից վերածվի միջնորդ դերակատարի։ Այս պարագայում Ղազախստանը դիտարկվում է որպես երկկողմ ուղիղ բանակցությունների հերթական հարթակ։ Հայտնի է, որ նման փորձ է եղել նաև Թբիլիսիում, որտեղ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, իսկ վերջին բանակցությունները դարձյալ արտգործնախարարների մակարդակով կայացան Բեռլինում»,- ասաց Պետրոսյանը։

Վերլուծաբանն արձանագրեց, որ մի քանի դերակատարներ առաջարկում են իրենց հարթակները բանակցությունների իրականացման համար, և դրական կողմն այն է, որ գործընթացն, այնուամենայնիվ, չի ընդհատվում։ Պետրոսյանի կարծիքով՝ հարթակների բազմազանության մյուս դրական կողմն այն է, որ առանձին դերակատարներ, որոնք անընդհատ փորձում են իրենց հովանու ներքո բերել գործընթացը, նրանց ազդեցությունը զգալիորեն թուլանում է, այսինքն՝ աշխարհաքաղաքական մրցակցությունն այս գործընթացի վրա, վերահսկողություն ունենալու նկատառությամբ, զգալիորեն թուլանում է։

«Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Մոսկվայի ու արևմտյան հարթակների միջև մրցակցությանը, որը շարունակաբար դրսևորվել է նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ Դրա վառ ապացույցը հատկապես 2021 թվականից հետո Բրյուսել-Մոսկվա-Վաշինգտոն-Սոչի հարթակների միջև տեղի ունեցած մրցակցությունն է, երբ երրորդ կողմի միջամտությամբ արհեստական խնդիրներ էին առաջանում բանակցային գործընթացում»,- ասաց մեր զրուցակիցը։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ բանակցային պրոցեսն ունի նաև բացասական կողմ, ըստ որի՝ Ադրբեջանը քանիցս դրսևորել է որոշակի ապակառուցողական վարքագիծ՝ հրաժարվելով նախկինում ստանձնած պարտավորություններից կամ տված խոստումներից։

«Օրինակ 2023 թվականի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումից ու պատրաստված փաստաթղթի ստորագրումից Ալիևի հրաժարումը դրա ապացույց է։ Եթե չկա առարկայական դերակատարում ունեցող միջնորդ, ապա Ադրբեջանի վարքագիծը կառավարելու և կառուցողական դաշտ բերելու հնարավորությունները հայկական կողմի համար խիստ սահմանափակ են։ Գործընթացի վրա բացասաբար ազդում է նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական բալանսի խիստ անհավասարությունը։ Եթե անգամ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով, նույնիսկ այդ դեպքում երկու դերակատարների դիրքերը հավասար չեն։ 2020 թվականից հետո մինչ օրս արձանագրված բանակցային իրողությունները և դրանց առարկայացումը գետնի վրա նույնպես դրա վառ ապացույցն է։ Չկա որևէ օրինակ, որի համաձայն՝ Ադրբեջանը գնացել է փոխզիջման։ Բոլոր պայմանավորվածությունների դեպքում հայկական կողմից տեսնում ենք փոխզիջման պայմանով միակողմանի քայլեր, որոնց Ադրբեջանը չի պատասխանել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանի խոսքով՝ մյուս կարևոր ռիսկը բանակցային օրակարգի հնարավոր փոփոխության քայլերն են Ադրբեջանի կողմից։ Պետրոսյանի գնահատմամբ՝ որ մայրաքաղաքում կամ որ երկրում էլ տեղի ունենան հայ-ադրբեջանական բանակցությունները, Հայաստանը պետք է պնդի բանակցային այն փաստաթղթի շուրջ քննարկումները, որը կար Գրանադայում և որի ստորագրումից հրաժարվեց Բաքուն։

«Հայկական կողմի պնդումը կարող է ունենալ սկզբունքային նշանակություն կարգավորման ամբողջ գործընթացի համար և կարող է բացառել մի շարք խնդիրներ ապագայում մեր երկրի համար։ Խոսքը հիմնականում վերաբերում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացի շարունակությանը, որոնք պետք է բխեն հայեցակարգային շահերից, ինչպես նաև նոյեմբերի 9-ի փաստացի չգործող փաստաթղթից կախվածության վերացումից»,- նշեց վերլուծաբանը։

Պետրոսյանի պնդմամբ՝ Հայաստանի համար առանցքային պետք է լինի Գրանադայի օրակարգի շուրջ բանակցությունների ապահովումը, թեև կանխատեսելի է, որ ադրբեջանական կողմն իր հերթին փորձելու է փոփոխել այդ օրակարգը՝ դրանում ներառելով այս պահին իր շահերից բխող առաջնահերթություններ։    

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել էր այդ երկրների միջև ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։

Ավելի վաղ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։

Ղազախստանի նախագահն ապրիլի 15-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ղազախական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։

«Ղազախստանը պատրաստ է հնարավորինս աջակցել և հարթակ առաջարկել բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակն է մերձեցնել մեր բարեկամ երկրներին և ճանապարհ բացել անխախտ բարեկամական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար»,- ասել էր Տոկաևը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am