Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառ համայնքի շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառ համայնքի 
շինհրապարակներ

ԳԱՎԱՌ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հետ այցելել է Բերդկունքի նորակառույց մանկապարտեզի և Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի շինհրապարակներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետն առաջինն այցելել է Գավառ համայնքի Բերդկունք բնակավայր, որտեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականի ապրիլից մեկնարկել և մինչ օրս ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները։ Բերդկունքի մանկապարտեզի շենքի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 450 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլից և, ըստ պայմանագրով սահմանված ժամկետի, կավարտվեն 24 ամսվա ընթացքում։ Մանկապարտեզը թեև կառուցվում է Բերդկունք գյուղի վարչական տարածքում, սակայն այստեղ կհաճախեն նաև հարևանությամբ գտնվող Հայրավանք գյուղի նախադպրոցական տարիքի երեխաները։ Շինարարական աշխատանքները դեռևս իրականացվել են շուրջ 30 տոկոսով։ Արդեն կառուցված է նկուղային հարկը, տեղադրվել  են առաջին հարկի հենասյուները և ծածկը։ Նորակառույց շենքը կլինի երկհարկանի՝ նկուղային հարկով, շուրջ 1100 քմ մակերեսով։ Այն կգործի 90 սանի համար՝ 3 խմբով։

Այցի  երկրորդ վայրը եղել է Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության 12,9 կմ երկարության ավտոճանապարհի շինհրապարակը, որտեղ հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա հոկտեմբեր ամսից։

Գավառ-Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 մլրդ 250 մլն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Ծրագրով նախատեսվում է հին ասֆալտեբոնե ծածկի հեռացում, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, ասֆալբետոնե երկշերտ նոր ծածկի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնե ծածկած կիսախողովակներով, որոնք միաժամանակ կծառայեն որպես մայթեր՝ 12,9 կմ երկարությամբ։ Ասֆալտապատվող մակերեսը կկազմի շուրջ 91 հազար քմ։ Գավառ քաղաքի տարածքում 900 մետր երկարությամբ կկառուցվի հեղեղատար-կոյուղի։ Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ 8 կմ-ն անցնում է Գավառ համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ գյուղերի և Գավառ քաղաքի ներսով։

2024 թվականի ապրիլի 15-ի դրությամբ իրականացվել է ճանապարհի ասֆալբետոնե հին ծածկի քանդման աշխատանքներ՝ 5,5 կմ երկարությամբ, որից 3 կմ-ի վրա արդեն տեղադրվել է խճավազային հիմք, ավազակոպճային շերտ ու ասֆալտբետոնե երկշերտ ծածկ՝ շուրջ 21 հազար քմ մակերեսով։ Հեղեղատար-կոյուղին կառուցված է շուրջ 720 մ երկարությամբ, 1 կմ երկարությամբ տեղադրված են երկաթբետոնե վաքերը և եզրաքարերը։ Շինարարական աշխատանքները  կավարտվեն  դեկտեմբերին։

Կարեն Սարգսյանը զրուցել է շինարարների հետ, տվել համապատասխան ցուցումներ, արել դիտողություններ ու առաջարկություններ, իսկ այցից հետո ներկայացրել իր տպավորությունները շինարարական աշխատանքների ընթացքի շուրջ։

«Երկու կառույցներն էլ կենսական կարևոր նշանակություն ունեն ու լուրջ հիմնախնդիրներ են լուծում Գավառ համայնքի տասնյակ հազարավոր բնակիչների համար։ Մանկապարտեզի շահագործմամբ լուծվում է նախադպրոցական կրթության խնդիրը Բերդկունք ու Հայրավանք բնակավայրերում, իսկ Գավառ-Գեղարքունիք ճանապարհի հիմնանորոգմամբ Գավառ համայնքի 5 բնակավայր արդեն կօգտվի ասֆալտապատ ու բարեկարգված  ավտոճանապարհից ու մայթերից։ Աշխատանքների ընթացքը և մեր դիտարկումներն առաջին հայացքից հուսադրում են, որ կպահպանվեն թե շինարարության որակը, թե սահմանված ժամկետները»,-նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Խոսրով  Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am