ՍԱՏՄ-ն առաջարկել է ԵԱՏՄ-ի HACCP համակարգը ներառել նաև հանրային սննդի օբյեկտների համար սահմանված ստուգաթերթում
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջարկել է ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ - НАССР) պահանջները ներառել նաև հանրային սննդի կազմակերպությունների համար սահմանված ստուգաթերթում՝ դրանց նկատմամբ տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մինչ համապատասխան ընթացակարգերի անցկացումն ու ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունումը, Տեսչական մարմինը հանրային սննդի կազմակերպիչներին առաջարկում է ներդնել օրենդրությանը համապատասխան ՎՎՀԿԿ – НАССР համակարգեր:
Թե ինչ է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (ՎՎՀԿԿ - НАССР), որն արդեն իսկ պարտադիր է սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ, կարող եք ծանոթանալ ՍԱՏՄ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով։
Միաժամանակ ՍԱՏՄ-ն ներկայացրել է ՎՎՀԿԿ - НАССР այն հիմնական սկզբունքները, որոնց պահպանումը առաջնային պահանջ է (հանրային սննդի կետերում սննդի պատրաստումը ևս սննդամթերքի արտադրության գործընթաց է).
- պետք է հստակ ընտրվեն սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացները,
- պարենային հումքի և սննդամթերքի աղտոտումը բացառելու նպատակով՝ արտադրության տեխնոլոգիական գործառնությունների հաջորդականության և հոսքայնության ընտրությունը պետք է հապատասխանի ընտրված գործընթացներին,
- տեխնոլոգիական գործառնությունների և սննդամթերքի արտադրության փուլերում արտադրական հսկողության ծրագրերը պետք է լինեն վերահսկելի,
- սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող սննդային հումքի, տեխնոլոգիական միջոցների, փաթեթավորման նյութերի, արտադրատեսակի, ինչպես նաև սննդամթերքի նկատմամբ անհրաժեշտ համալիր հսկողությունը պետք է իրականացվի հուսալի միջոցներով,
- տեխնոլոգիական սարքավորումների սարքինության նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի սննդամթերքի առանձին տեսակների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին համապատասխան սննդամթերքի արտադրության գործընթացն ապահովող կարգով,
- պետք է ապահովվի տեխնոլոգիական գործառնությունների վերահսկելի փուլերի և սննդամթերքի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքների մասին տեղեկատվության փաստաթղթավորումը,
- պետք է պահպանվեն սննդամթերքի պահման և փոխադրման (տրանսպորտային փոխադրման) պայմանները,
- սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պետք է պահպանվեն սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
- սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով՝ աշխատողների կողմից պետք է ապահովվի անձնական հիգիենայի ձևերի ընտրությունը և դրանց կանոնների պահպանումը,
- պետք է սահմանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման եղանակները, ինչպես նաև սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- պետք է ապահովվի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներով արտադրված սննդամթերքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վարումը ու պահպանումը՝ թղթային կամ էլեկտրոնային կրիչներով,
- պետք է ապահովվի սննդամթերքի հետագծելիությունը։
Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (ՎՎՀԿԿ - НАССР) վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 118 անվճար հեռախոսահամարով կամ Սննդամթերքի անվտանգության վարչություն 015-404040 (ներքին համարը՝ 141, 142, 143) հեռախոսահամարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում