Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տեղյա՞կ ես կոռուպցիոն հանցագործության մասին՝ ազդարարիր. արդարադատության նախարարի խորհրդականը ներկայացրեց համապետական իրազեկման արշավի կարևորությունը

Տեղյա՞կ ես կոռուպցիոն հանցագործության մասին՝ ազդարարիր. 
արդարադատության նախարարի խորհրդականը ներկայացրեց համապետական 
իրազեկման արշավի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մեկնարկել է ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման մեկամյա արշավ՝ նպատակ ունենալով խթանել քաղաքացիների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին ազդարարումը, տեղեկացնել անանուն ազդարարման հնարավորությունների ու նախատեսված երաշխիքների մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը տեղեկացրեց, որ արշավի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ՝ ոլորտային, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ։

MXO_9060.jpg (533 KB)

Արշավը ներառելու է ազդարարման համակարգի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ մարզային և համայնքային մարմինների, կրթական համակարգի համար, ազդարարման համակարգի վերաբերյալ տեղեկատվական տեսահոլովակների նկարահանում, տեղեկատվության տեղադրում պետական մարմինների պաշտոնական կայքերում և այլն:

Նախարարի խորհրդականի խոսքով՝ ազդարարումն ուղղված է կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումները, հայտարարագրման հետ կապված խախտումները բացահայտելուն, կոռուպցիայի կանխարգելմանը և նվազեցմանը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:

MXO_9070.jpg (489 KB)

«Քաղաքացիները հնարավորություն ունեն երեք տեսակի ազդարարում անել՝ ներքին ազդարարում, արտաքին ազդարարում և ազդարարում հանրությանը։

Ներքին ազդարարման դեպքում կոնկրետ կառույցի աշխատողը կարող է իր անմիջական վերադասի մասին հաղորդում ներկայացնել կոնկրետ կառույցի ղեկավարին

Արտաքին ազդարարման դեպքում քաղաքացին կարող է հաղորդում ներկայացնել իրավասու մարմնին. օրինակ, երբ քաղաքացին հաղորդում է ներկայացնում նախարարության համակարգում տեղի ունեցած որևէ կոռուպցիոն բնույթի դեպքի վերաբերյալ։

Ազդարարում հանրությանը ենթադրում է, որ քաղաքացին կարող է սոցիալական ցանցի կամ լրատվամիջոցի միջոցով հայտնել կոռուպցիոն բնույթի դեպքի մասին»,- ասաց Թովմասյանը։

MXO_9111.jpg (493 KB)

 «azdararir.am» էլեկտրոնային հարթակը արտաքին ազդարարման գործիք է, և քաղաքացիները հնարավորություն ունեն ինչպես անանուն եղանակով, այնպես էլ տվյալները ներկայացնելու եղանակով հաղորդում տալ կոռուպցիոն հանցագործության դեպքի մասին։ Լիանա Թովմասյանը նշեց՝ անանուն եղանակով հաղորդում ներկայացնելու դեպքում քաղաքացու գաղտնիությունը երաշխավորված է։

«Անանուն եղանակով հաղորդումը ստանում է միայն Գլխավոր դատախազությունը։ Եթե հաղորդումը անհամատեղելիության պահանջների, հայտարարագրման հետ կապված խախտումների մասին է, ապա դատախազությունն այն ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը ստուգի և վարույթ հարուցի։ Իսկ եթե կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին է, օրինակ՝ կաշառք վերցնելու կամ ստանալու, ապա այդ հաղորդումը դատախազությունը ներկայացնում է ոստիկանություն, որը օպերատիվ-հետախուզական գործունեություն է իրականացնում, որպեսզի պարզի՝ հանցագործություն կա՞, թե՞ ոչ։ Հանցակազմի առկայության դեպքում վարույթ է նախաձեռնվում, գործը ուղարկվում է Հակակոռուպցիոն կոմիտե: Մեղադրական եզրակացության պարագայում այն ուղարկվում է դատարան»,- մանրամասնեց Թովմասյանը։

Նախարարի խորհրդականը տեղեկացրեց, որ արշավի շրջանակներում նախատեսվում է այցելել Հայաստանի 10 մարզ և բնակիչներին բացատրել ազդարարման համակարգի կարևորությունը։

«Արշավը սկսվել է նախորդ տարվա նոյեմբերին, և եթե նայում ենք վիճակագրությանը՝ տեսնում ենք, որ մինչև արշավի մեկնարկը ամսական 8 հաղորդում էր ներկայացվում, իսկ արշավի մեկնարկից հետո ամսական արդեն 25-30 հաղորդում է ներկայացվել։ Դատախազության մեր գործընկերները նշում են, որ շատ ավելի հիմնավոր են դարձել ազդարարումները։ Նախկինում ազդարարումների մեծ մասը անբովանդակ են եղել և հնարավոր չի եղել դրանց ընթացք տալ։ Օրինակ՝ քաղաքացին կարող էր ընդամենը հաղորդել, որ գյուղապետին չի սիրում և նա անարդար մարդ է։ Այդ իսկ պատճառով բացահայտված հանցագործությունների քանակը քիչ է եղել։ Իսկ վերջին շրջանի հաղորդումները ավելի բովաnդակային են, և ենթադրվում է, որ բացահայտման ցուցանիշն էլ բարձ կլինի»,- ընդգծեց Թովմասյանը։

MXO_9089.jpg (540 KB)

Նախարարի խորհրդականի խոսքով՝ արշավում ներգրավել են և՛ պետական ինստիտուտներին, և՛ միջազգային, և՛ տեղական հասարակական կազմակերպություններին, որոնք ոլորտում արդեն մեծ փորձ ունեն։

«Մշակել ենք մեկ տարվա իրազեկման գործողությունների ծրագիր և կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ։ Օրինակ՝ արդեն իսկ 100 հազար քաղաքացու ուղիղ հաղորդագրություններ ենք ուղարկել, նկարչական մրցույթներ ենք կազմակերպել, բուհերում և դպրոցներում սեմինարներ ենք անցկացրել, ավելի քան 150 պետական կայքէջերում տեղադրել ենք ազդարարման համակարգի մասին համառոտ տեղեկություն, իրազեկող տեսանյութեր ենք տարածելու, վահանակներ ենք տեղադրելու և այլն։ Այսինքն՝ ամեն հնարավոր եղանակով տարաբնույթ միջոցառումներ ենք կազմակերպելու, որի նպատակն այն է, որ քաղաքացին իրազեկվի՝ ազդարարելը վատ բան չէ, և կոռուպցիոն բնույթի հանցագործությունը թաքցնելը ոչ այլ ինչ է, քան այդ հանցագործությանը նպաստելը։ Դա նույն է, ինչ մարդասպանին մատնացույց անողին մեղադրել մարդասպանության մասին հաղորդում տալու մեջ»,-շեշտեց Թովմասյանը։

Նախարարի խորհրդականը ներկայացրեց նաև, թե ինչու է պետությունը շահագրգռված արշավի անցկացման հարցում։

Թովմասյանի խոսքով՝ 2023 թվականին հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է ազդարարման միասնական հարթակի գործունեությունը։ Հաղորդումների թվերը, ցավալիորեն, շատ ցածր են եղել։ Այսպիսով ազդարարումը կարևոր հակակոռուպցիոն գործիք համարելով՝ որոշում է կայացվել մասնակցայնությունն ավելացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

«Բացի այդ՝ մեր օրերում ամեն երկրորդ քաղաքացին դժգոհում է, որ դեռևս կան կոռուպցիոն դեպքեր: Սակայն հենց քաղաքացին պետք է իր ներգրավումը ունենա դեպքերի բացահայտման գործում։ Եթե ցանկանում ես կոռուպցիայից զերծ հասարակություն՝ պետք է մասնակցություն ունենաս։ Սա միջազգային հանրույթում ընդունված պրակտիկա է։ Դու քո քաղաքացիական պարտքն ես կատարում և, եթե տեղյակ ես կոռուպցիոն բնույթի հանցագործության մասին, պետք է հայտնես։ Պետության շահագրգռվածությունը հենց դա է՝ ունենալ ավելի իրավագիտակից և ավելի պատրաստակամ քաղաքացի»,- եզրափակեց Թովմասյանը։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am