Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նոր Սահմանադրության վերաբերյալ հայեցակարգ ու տեքստ չկա․Փաշինյան

Նոր Սահմանադրության վերաբերյալ հայեցակարգ ու տեքստ չկա․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Սահմանադրության վերաբերյալ տեքստ ու հայեցակարգ չկա, իսկ ժամանակին համապատասխան հանձնաժողովի կողմից ստեղծված հայեցակարգն  արդիական չէ։ Այն քաղաքական օրակարգ է և խոսույթ՝ հանրության հետ թեմայի շուրջ խոսակցություն ունենալու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մարտի 12-ին հրավիրված ասուլիսին։

«Ծանոթացել եմ այդ հայեցակարգին և նաև այդ հայեցակարգին ծանոթանալու արդյունքում է, որ հանգել եմ եզրակացության, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։ 2020 թվականի փետրվարին, երբ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր՝ Սահմանադրական դատարանի հետ կապված, որը COVID-ի համավարակի պատճառով չեղարկվեց, ես այն ժամանակ էլ եմ խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին և հիմա, ըստ էության, այդ հայեցակարգը, որը կա, արդեն արդի չէ։ Նոր Սահմանադրության վերաբերյալ չկա նոր հայեցակարգ, չկա տեքստ։ Նոր Սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ և քաղաքական օրակարգ՝ իմ կողմից ՀՀ ժողովրդին առաջարկվող՝ իր հիմնավորումներով»,-հավելեց Փաշինյանը։

Անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեի ժամկետների վերաբերյալ հարցին, նա հայտարարեց, որ դա տեղի կունենա, երբ ինքն ու իր քաղաքական թիմը զգան, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով տեղեկացված է, թե ինչ է տեղի ունենում, ինչու և որ բովանդակությունն ինչ խնդիր է լուծելու, իսկ այս փուլում խնդիրը հանրության հետ թեմայի շուրջ խոսակցություն ունենալն է։

Վարչապետը կրկին ուշադրություն է հրավիրել իր արտահայտած այն համոզմունքին, որ գլոբալ աշխարհը փոփոխվում է, և դրանում կենսունակ կգտնվեն այն պետությունները, որոնք դրանց հետ փոփոխվելու ընդունակություն և ուժ կունենան՝ փոխելու իրենց պատկերացումները կամ առնվազն հարցեր դնելու և պատասխանների հետևից գնալու։

«Մենք երկար ժամանակ մտածել ենք աքսիոմներով, և իմ կարծիքով դա շատ դեպքերում մեզ զրկել է բավարար ճկունությունից, որպեսզի մենք մեր կարիքները հասցեագրենք, մեր մարտահրավերները կառավարենք։ Հիմա, ցավոք, էլի «հայի հետին խելքով» մենք կանգնած ենք թեորեմներով մտածելու անհրաժեշտության առաջ»,-ասաց Փաշինյանը՝ հստակեցնելով, որ Սահմանադրության շուրջ որոշումներ չի կայացնում Կառավարությունը կամ Ազգային ժողովը, չնայած՝ կարող են նախաձեռնել նման գործընթաց, իսկ որոշում է ժողովուրդը, որի համար նա պետք է տեղեկացված լինի։

«Ֆունդամենտալ հարցը, որ պետք է լուծվի պոտենցիալ նոր Սահմանադրությամբ, հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը դե- յուրե և դե-ֆակտո պետք է ինքն իր համար արձանագրի ՀՀ-ում ապրելու կանոնները, որովհետև ՀՀ քաղաքացու գիտակցության մեջ չկա նստվածք և արձանագրում, որ ինքն է որոշել ՀՀ-ում ապրելու կանոնները, այլ կա գիտակցում, որ ինչ-որ նեղ շրջանակ որոշել է և ինքն էլ այդ շրջանակի մեջ կամ տեղավորվում է կամ ոչ»,-ընդհանրացրեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am