7 րոպեի ընթերցում
Աշխարհի ավելի քան 50 երկրում ներկայացված պրեմիում հյուրանոցային բրենդներից Hyatt Regency-ն մուտք է գործում Հայաստան։ Դիլիջանում կառուցվող համալիրը տարածաշրջանին կբերի նոր որակ, հնարավորություններ և զարգացման նոր խթան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Green Rock-ը և Hyatt Hotels Corporation-ը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որից հետո ապագա հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց Hyatt Regency Dilijan հյուրանոցային համալիրի մուտքը Հայաստան. այն կլինի բրենդի առաջին հյուրանոցը երկրում։
Hyatt Hotels Corporation-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարևոր և խորհրդանշական փուլ է թե՛ Green Rock-ի, թե՛ Հայաստանի, թե՛ Դիլիջանի համար։

«Այսօր մենք նշում ենք Դիլիջանում մեր նոր հյուրանոցի շինարարության մեկնարկը։ Սա երկար ճանապարհ էր, որը նպատակային անցանք։ Ավելի քան վեց ամիս բանակցություններ ենք վարել միջազգային բրենդի հետ, և այսօր ուրախ ենք հայտարարել, որ դա լինելու է Hyatt Regency Dilijan-ը։ Վստահ եմ, որ այն մեծ փոփոխություններ կբերի քաղաքին, քանի որ Hyatt-ի հետ միասին ձգտում ենք ստեղծել ոչ թե պարզապես հյուրանոց, այլ լիարժեք ուղղություն, որը տարվա բոլոր եղանակներին կներգրավի հյուրերի և կնպաստի զբոսաշրջության, մշակույթի ու տեղական համայնքի զարգացմանը»,-ասաց Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։
Hyatt Regency Dilijan-ը կդառնա Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի մի մասը և տարածաշրջանի առանցքային նախագծերից մեկը։ Համալիրում կգործեն ռեստորաններ և բարեր, առևտրային տարածքներ, ընտանեկան ժամանցի կենտրոններ, երկու կինոթատրոն, առողջարանային և SPA կենտրոն՝ ֆիթնես ակումբով և բացօթյա լողավազանով։
Հյուրանոցը կունենա 205 համար, ինչպես նաև 550 հյուրի համար նախատեսված ժամանակակից կոնֆերանս կենտրոն։
Green Rock ընկերության հիմնադիր Մարետա Գևորկյանն ընդգծեց, որ իր համար ամենակարևորը մարդիկ են։
«Երիտասարդները հնարավորություն կունենան աշխատանք գտնել՝ առանց իրենց հարազատ համայնքից հեռանալու։ Ընտանեկան փոքր հյուրատներն ու սրճարանները կկարողանան ամբողջ տարվա ընթացքում ընդունել իրենց հյուրերին։ Սա ինձ անկեղծ ուրախություն է պարգևում։ Այսպիսով` Դիլիջանը, իսկ Դիլիջանի միջոցով նաև ամբողջ Տավուշի մարզը, կդառնան ավելի ուժեղ ու զարգացած։ Մենք շատ հպարտ ենք, որ այս քայլն իրագործվում է։ Սա իմ տունն է, և ես ցանկանում եմ ամենալավն ու բարին իմ քաղաքի և այստեղ ապրող մարդկանց համար»,-ասաց նա։
Հիմնադիրները վստահեցնում են, որ նախագծի կարևոր բաղադրիչներից մեկը դրա տնտեսական ազդեցությունն է, քանի որ Hyatt Regency Dilijan հյուրանոցի գործարկմամբ կստեղծվի ավելի քան 400 նոր աշխատատեղ։
«Երկար ժամանակ մենք ունեցել ենք մեկ հստակ նպատակ՝ Դիլիջանը դարձնել այնպիսի վայր, որը կարող է ամբողջ տարվա ընթացքում հյուրընկալել աշխարհին՝ անտառների մեջ գտնվող լեռնային քաղաք, որը միաժամանակ կդառնա նպատակակետ թե՛ ընտանեկան հանգստի, թե՛ գործնական այցելությունների համար։ Այսօր դուք տեսնում եք այդ նպատակի իրականացումը։ Սա կլինի Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցը։
Ինչո՞ւ Դիլիջան։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել՝ պարզապես նայելով շուրջը։ Սա անհավանական բնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ և հարմար աշխարհագրական դիրքով վայր է։ Մենք գտնվում ենք երեք միջազգային օդանավակայաններից՝ Երևանից, Թբիլիսիից և Գյումրիից համապատասխանաբար երկուսուկես, մեկուկես և մեկ ժամ հեռավորության վրա»,-նշեց Green Rock ընկերության ռազմավարական խորհրդական Վազգեն Գևորկյանը։
Հայաստանի համար այս համագործակցությունը կարևոր քայլ է միջազգային առաջատար հյուրանոցային օպերատորների ներգրավման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման ուղղությամբ։
Hyatt Hotels Corporation-ի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի զարգացման գծով փոխնախագահ Լյուդվիգ Բոլդուկյանի խոսքով՝ սա օրինակ է, թե ինչպես միջազգային օպերատորներն ու բրենդները կարող են համագործակցել տարածաշրջանի ներդրողների հետ։
«Դիլիջանում կառուցվելիք հյուրանոցը կդառնա ընդարձակ էկոհամակարգի մի մասը։ Այն կունենա մյուզիք հոլ, համաժողովների համար նախատեսված տարածքներ։ Զբոսաշրջիկները կկարողանան այցելել Դիլիջանի պատմական վայրեր, ճանաչել դրանց պատմությունն ու վայելել բնությունը։ Շատ մարդիկ նման փորձառություն են փնտրում, և Դիլիջանն այդ առումով բացառիկ վայր է։
Հյուրանոցի կառուցումը Դիլիջանում նաև Green Rock-ի կայուն զարգացմանն ուղղված ջանքերի մաս է կազմում։ Մենք զանգվածային զբոսաշրջություն չենք փնտրում. մեր նպատակն է պահպանել բնությունը։ Մեզ համար կարևոր է նաև, որ Դիլիջան այցելող մարդիկ ոչ միայն վայելեն բնությունը, այլև ճանաչեն տեղի բնակիչներին, հասկանան նրանց ապրելակերպը։ Միջազգային զբոսաշրջիկները հենց նման փորձառություն են փնտրում։

Բացի այդ, Դիլիջանը գտնվում է Երևան-Թբիլիսի ճանապարհի առանցքում, ուստի բազմաթիվ ճանապարհորդներ, որոնք երթևեկում են այս երկու քաղաքների միջև, անցնում են Դիլիջանով՝ վայելելով նրա բնությունը»,- նշեց Լյուդվիգ Բոլդուկյանը։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, շնորհավորելով նախագծի մեկնարկը, ընդգծեց, որ սա ոչ միայն նոր հյուրանոցի հիմնարկեք է, այլև Դիլիջանի զարգացմանն ուղղված նոր որակի և նոր ստանդարտի կարևոր քայլ։
Հյուրանոցային համալիրը Դիլիջանում իրականացվելիք լայնածավալ նախագծի մի մասն է։ Ընդհանուր առմամբ, Green Rock-ի զարգացման ծրագրերի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 800 նոր աշխատատեղ, ինչը նշանակալի ներդրում կլինի տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման գործում։