Տեսանյութ

Կյանք փրկող վիրահատություններն՝ առողջության ապահովագրությամբ

3 րոպեի ընթերցում

Կյանք փրկող վիրահատություններն արդեն հասանելի են. 75-ամյա բուժառուն առողջապահական համընդհանուր ապահովագրության շնորհիվ ստացել է սրտի ռիթմավար սարքի իմպլանտացիա։ Նա վստահեցրեց, որ համակարգի ներդրումն իր կյանքի համար վճռորոշ դեր է ունեցել։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում բուժառու Անահիտ Մուշեղյանը նշեց, որ, եթե իր առողջական վիճակը վատանար որոշ ժամանակ առաջ, ապա կկանգներ ֆինանսական լուրջ խնդիրների առջև։

«Ես հնարավորություն չունեի իմ միջոցներով այս վիրահատությունն իրականացնելու։ Կարծես թե բախտս բերեց, վիրահատեցին։ Արդեն երրորդ օրն է՝ լավ եմ զգում ինձ և հույս ունեմ, որ դեռ կապրեմ։ Անչափ շնորհակալ եմ այսպիսի լավ նախաձեռնության համար, որովհետև շուրջս նայում եմ՝ բոլորն իմ տարիքի մարդիկ են, որոնք իսկապես նման միջամտություններ իրականացնելու հնարավորություն չեն ունեցել»,- նկատեց նա։

Անահիտ Մուշեղյանը, շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին հոգատար ու ուշադիր վերաբերմունքի համար, նշեց, որ այս միջամտությունն իր պարագայում միակ լուծումն է, որը լիարժեք կվերականգնի իր առողջությունը։

Բուժառուն «Շենգավիթ» բժշկական կենտրոն է ընդունվել նախասիրտ–փորոքային պաշարմամբ, որը սրտաբանության մեջ համարվում է ծանր և անհետաձգելի ախտորոշում։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի Սիրտ–անոթային կենտրոնի առիթմոլոգիական ծառայության ղեկավար, առիթմոլոգ Գորիս Ստեփանյանը նշեց, որ նախապատրաստական որոշ միջոցառումներից հետո, ըստ հիվանդի ցուցումների, իրականացվել է սրտի երկխոռոչ ռիթմավար սարքի իմպլանտացիա։

Վիրահատությունն իրականացվել է անվճար՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։

Բժիշկն ընդգծեց, որ այս միջամտությունները թանկարժեք են և նախկինում իրականացվում էին հիմնականում վճարովի հիմունքներով, եթե հիվանդը չուներ որևէ սոցիալական արտոնություն.

«Սակայն մենք արդեն այս ամիս երևի թե չորսից ավելի նման անհետաձգելի խնդրով հիվանդի հնարավորություն ենք ունեցել օգնել և իրականացնել միջամտությունները ապահովագրության շրջանակներում»։

Նշենք, որ Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից մոտ 1 միլիոն 600 հազար մարդ ունի առողջության ապահովագրություն։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում