Տեսանյութ

2025 թվականին Հայաստանը բոլոր ուղղություններով իրականացրել է ակտիվ ու հավասարակշռված քաղաքականություն. Ջոնի Մելիքյան

3 րոպեի ընթերցում

Անցնող տարին բավականին հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից հավասարակշռված արտաքին քաղաքականության և այդ ոլորտում դիվերսիֆիկացմանը միտված քայլերի, ինչպես նաև բոլոր ուղղություններով իրականացված ակտիվ աշխատանքի մասին։   

«Արմենպրես»-ի «Փոդքասթ» հաղորդման շրջանակում այդ կարծիքը հայտնեց միջազգայնագետ Ջոնի Մելիքյանը։

Հաղորդման հյուրը հանգամանորեն անդրադարձավ մասնավորապես Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Հնդկաստան, Հայաստան-Չինաստան և Հայաստան-Վրաստան հարաբերություններին՝ տեսակետներ հայտնելով այդ ուղղություններում անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ 

Մասնավորապես հայ-ամերիկյան հարաբերությունների համատեքստում Մելիքյանը կարևորեց օգոստոսին Վաշինգտոնում կնքված համաձայնագրերը, որոնք կենսական նշանակություն ունեն ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ միջազգայնագետն ընդգծեց նաև արդյունավետ փոխգործակցության հանգամանքը ԵԱՏՄ կառույցի շրջանակում։

Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքական գերակա ուղղություններից է դարձել Հնդկաստանի հետ համագործակցությունը, որի առավել հետաքրքիր դրսևորումներին մեր զրուցակիցն անդրադարձավ հաղորդման ընթացքում։

Հայ-չինական հարաբերությունների համատեքստում նա շեշտեց այն իրողությունը, որ երկու երկրների կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծերը համադրվելով՝ կարող են նոր էջ բացել տարածաշրջանային համագործակցության ասպարեզում՝ նպաստելով ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ հարաբերությունների զարգացմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-վրացական հարաբերությունները վաղուց արձանագրել են կայուն զարգացման դինամիկա, գալիք տարին, Մելիքյանի համոզմամբ, նույնպես կարող է լինել արգասաբեր, եթե շարունակաբար օգտագործվի քաղաքական ու տնտեսական ներուժը, համատեղ իրականացվեն տարածաշրջանի լոգիստիկ և հաղորդակցական հնարավորությունները։     

Մանրամասները՝ փոդքաստում. 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում