10 րոպեի ընթերցում
Երևանում կայացավ Իտալական խոհանոցի շաբաթը, որին արդեն 4-րդ տարին իր մասնագիտական ներուժն ու միջազգային համագործակցության փորձն է բերում Երեմյան Ակադեմիան: Հայաստանում խոհարարական արվեստի և հյուրընկալության առաջին ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպված փորձի փոխանակման ծրագիր, որին մասնակցեցին ինչպես ակադեմիայի ուսանողներն ու դասավանդող շեֆ խոհարարները, այնպես էլ Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի պրոֆեսոր շեֆ խոհարարներն ու ուսանողները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-22-ը աշխարհում նշվում է Իտալական խոհանոցի շաբաթը, որի շրջանակում Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիայում արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվում է իտալացի խոհարարների և ուսանողների փորձի փոխանակման ծրագիրը։

Միջոցառումների շարքը լուրջ քայլ է երկու երկրների միջև խոհարարական դիվանագիտության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։ Խոհարարական դիվանագիտության կամ գաստրոդիվանագիտության միջոցով խոհանոցները յուրօրինակ կամուրջ են դառնում մշակութային փոխըմբռնումը խթանելու, ազգերի և համայնքների միջև հարաբերություններն ամրապնդելու համար:

Ներկայացնելով ազգային խոհանոցները՝ երկրները կիսում են իրենց ժառանգությունը, արժեքները և ավանդույթները՝ ստեղծելով երկխոսության ու համագործակցության հնարավորություններ ու հեռանկարներ:
Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն իր ելույթում նշեց, որ արդեն 20 տարի ներկայացնելով հայկական ազգային խոհանոցն աշխարհին, իրենք գիտակցում են ազգային խոհանոցի արժեքն ու մշակութային նշանակությունը։

«Ահա այս ճանապարհին է նաև, որ մենք հիմնվելով մեր փորձի և լավագույն մասնագետների վրա՝ ստեղծել ենք ազգային խոհանոցներ ներկայացնող ռեստորաններ` իտալական, ճապոնական և այլն։ Ուրախ եմ, որ վաղը հյուրընկալելու ենք ձեզ մեր տանը` «Կազա Նոստրա»-ում, չորս ձեռք ձևաչափով ընթրիքի շրջանակում։ Այն ևս մեկ անգամ կամրագրի հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ազգային նմանությունները` ջերմություն, հյուրընկալություն, սրտացավություն»,- ասաց Երեմյանը։
Ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանն իր հերթին նշեց, որ ուսումնական հաստատությունն իր վեցամյա գործունեության ընթացքում ունեցել է միջազգային արդյունավետ համագործակցության բազմաթիվ օրինակներ՝ տալով ավելի քան 2500 շրջանավարտներ։ Նշված ժամանակահատվածում Երեմյան ակադեմիան ձեռք է բերել ավելի քան 60 միջազգային և տեղական գործընկերներ, որոնց մեջ տասից ավելին գերազանցում են ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները։

«Այսօրվա միջոցառումը մեզ համար շատ կարևոր է, քանի որ արդյունք է շարունակական համագործակցության։ 2022 թվականից սկսած՝ մեզ մոտ կազմակերպել ենք տարբեր խորագրերով միջոցառումներ, որոնք նվիրված են աշխարհում և ՀՀ-ում իտալական խոհանոցի օրերին։ Այդ ընթացքում հյուրընկալել ենք իտալական շատ հայտնի դպրոցներից հարգարժան պրոֆեսորների և ուսանողների՝ անցկացնելով փորձի փոխանակման միջոցառումներ և վարպետաց դասեր։ Խոհարարական դիվանագիտությունը ցույց տվեց, որ մասնագիտական ընդհանուր ավանդույթներն ու հմտությունները չեն ճանաչում սահմաններ։ Արդյունքում դա մեզ հնարավորություն տվեց ստեղծել այնպիսի ամուր հարթակ, որը հիմք հանդիսացավ ոչ միայն ուսանողների մասնագիտական գիտելիքներն ի ցույց դնելու, այլև նոր միջազգային համագործակցային կապեր ստեղծելու համար, ինչը շատ կարևոր է հետագայում ուսանողների գործունեության համար»,- ասաց Տիգրանյանը։
Ակադեմիայի տնօրենը հավելեց, որ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում կան կոնկրետ ձեռքբերումներ։ 2023 թվականին Երեմյան ակադեմիան հյուրընկալեց «Ալֆրեդո Բելտրամե» բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացուցիչներին, որոնց հետ արդեն իսկ ստորագրվել է հուշագիր, որի համաձայն՝ 2026 թվականին Երեմյան ակադեմիայի շեֆ խոհարար դասավանդողները կմեկնեն Իտալիա, կանցկացնեն վարպետաց դասեր և փորձի փոխանակման համատեքստում կներկայացնեն հայկական խոհանոցը։
«Նույն ծրագիրը կունենանք նաև ուսանողների շրջանում, ովքեր ուսումնառություն կստանան համապատասխան իտալական դպրոցում և անվճար հիմունքներով կսովորեն Երեմյան ակադեմիայում»,- մանրամասնեց Տիգրանյանը՝ շնորհակալություն հայտնելով իտալացի հյուրերին ջերմ վերաբերմունքի, նվիրվածության ու ներգրավվածության համար։
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր ելույթում նշեց, որ ամբողջ աշխարհում 10-րդ տարին անընդմեջ հանդիսավորությամբ նշվում է իտալական խոհանոցի օրերը, և այդ համատեքստում հատկապես գովելի է հայ գործընկերների ոգևորիչ մասնակցությունը։

«Այստեղ մեզ հետ է Իտալիայի արտաքին առևտրի գործակալության նախագահը, ով պատասխանատու է Հայաստանի համար։ Այս տարվանից մեր դեսպանատանը կից կգործի այդ գործակալության ներկայացուցչական գրասենյակը՝ խթանելով երկու երկրների միջև գործարար կապերն ու ապրանքաշրջանառությունը։ Մենք բորոս յուրովի մեր ազգային խոհանոցների դերակատարներն ենք։ Խոհանոցը հրաշալի փոխակերպում է և իրենից ներկայացնում է ավանդույթների գեղեցիկ հայելի։ Քանի որ մենք հին մշակույթ կրող ազգեր ենք, հետևաբար խոհանոցը ևս համարվում է մշակութային ժառանգություն։ Իտալական խոհանոցը համամարդկային ժառանգություն է, պատկանում է բոլորին՝ պահպանելով շատ ավանդույթներ ու գտնելով մեծ տարածում։ Աշխարհի բոլոր կողմերում ապրում են իտալացիներ, ովքեր հիմնում են ռեստորաններ՝ կրելով ազգային ավանդույթները»,- ասաց դեսպանը։
Դիվանագետը հավելեց, որ հայերն ու իտալացիներն այս բնագավառում նույնպես ունեն շատ նմանություններ, ինչը հիմք է տալիս նորանոր կապերի ստեղծման համար։
«Հին հռոմեացիներն ասում էին՝ մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Համեղ սնունդը հաղորդում է եռանդ և ուրախություն։ Իտալական խոհանոցն ուն հին իմաստնություն, պարզ է իր էությամբ և մեծ համբավ է ձեռք բերել արհեստավաժ խոհարարների շնորհիվ։ Իտալիան և Հայաստանն ունեն յուրահատուկ խոհանոց։ Մեզ դուր է գալիս հայկական խոհանոցը և նախընտրելի է, որ այն գնահատվի հավուր պատշաճի։ Շատ կարևոր է ունենալ միասնական հարթակ, որտեղ հայերն ու իտալացիները կկիսվեն գիտելիքներով և փորձով։ Հաճելի է տեսնել ՍաՖիի դպրոցի ներկայացուցիչներին Երեմյան ակադեմիայում, ովքեր մարմնավորում են հատկապես տոսկանական խոհանոցի լավագույն ավանդույթները»,- ասաց Ֆերրանտին։
Դեսպանը տեղեկացրեց, որ իտալական խոհանոցին առնչվող հայտ է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի այն ընդգրկվի կազմակերպության ոչ նյութական ժառանգության ցանկում։ Դիվանագետի համոզմամբ՝ խոհանոցային գիտելիքն անկասկած կարող է ընկալվել որպես ինքնատիպ արվեստ, որի ներկայացուցիչները յուրատեսակ ստեղծագործող անձինք են և դյուրեն կերպով կարողանում են հասկանալ միմյանց։
Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իտալացի և հայ ուսանողներն իրենց ուժերը փորձեցին հայկական և իտալական ավանդական ուտեստների պատրաստման գործում՝ Երեմյան Ակադեմիայի և Ֆլորենցիայի խոհարարական արվեստի դպրոցի խոհարարների օգնությամբ։ Ընդ որում՝ ակադեմիայի խոհանոցային հարկաբաժնում հայ խոհարարներն իտալացի ուսանողներին օգնեցին պատրաստել հայկական ազգային ուտեստներ՝ գաթա, տոլմա և լավաշով փաթաթված «Իշխան» ձուկ, իսկ իտալացի խոհարարներն իրենց հերթին օգնեցին հայ ուսանողներին պատրաստել իտալական հայտնի ուտեստներ՝ «Կանտուչի», «Պապարդելա» և «Արիստա պիկետատա»։
Ֆլորենցիայի Սաֆիի հանրահայտ խոհարարական դպրոցի դասախոս, իտալական երեք բարձրակարգ ռեստորանների շեֆ խոհարար Ֆրանչեսկո Կոնիլիոն ուրախությամբ նշեց, որ հայ ուսանողներն իրենց աշխատանքին վերաբերվում են մեծ եռանդով և ոգևորությամբ, խելացի են, հաճույքով լսում են խորհուրդներն ու կատարելով կոնկրետ հանձնարարականներ՝ հմտանում են համադամ խորտիկների և համեղ ուտեստների պատրաստման գործում։
«Ի սկզբանե ունեինք շատ բաղադրատոմսեր, սակայն ընտրեցինք երեքը, որոնք տիպիկ իտալական ուտեստներ են։ Առհասարակ հայկական և իտալական խոհանոցների միջև կան շատ նմանություններ։ Պարզ բաղադրիչներով պատրաստված սնունդն ընդհանուր է մեզ համար։ Տարբեր ազգերի հետ ընկերությունը շատ կարևոր է նաև գաստրոնոմիայի ոլորտում։ Սա Իտալիայի և Հայաստանի համար իսկապես լավ առիթ է հարաբերությունները խորացնելու առումով։ Խոհանոցը նույնպես հրաշալի հարթակ է սերտ կապեր հաստատելու համար։ Մենք իսկապես տպավորված ենք Երեմյան ակադեմիայով»,-ասաց Կոնիլիոն։
Միջոցառման վերջում հայ և իտալացի ուսանողները ստացան վկայականներ առ այն, որ մասնակցել են վարպետաց դասի, որն իր մեջ ներառում է հմտություններ հայկական և իտալական խոհանոցների մասին։ Վկայականները տրվեցին Երեմյան ակադեմիայի և ՀՀ-ում Իտալիայի դեսպանության կողմից։