Տեսանյութ

Չհավատարմագրված բուհերի մինչև 2003թ. շրջանավարտները կարող են վերականգնել ուսանողական իրավունքները

3 րոպեի ընթերցում

Չհավատարմագրված բուհերի մինչև 2003 թվականի շրջանավարտները կարող են վերականգնել ուսանողական իրավունքները, այսինքն՝ ներառվեն ուսումնական պրոցեսում և ստանան պետական նմուշի դիպլոմ։ Նոր կարգավորումն արդեն գործում է, և ցանկացողները կարող են դիմել բուհեր և կազմակերպել գործընթացը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ նախկին իրավակարգավորումներով չհավատարմագրված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին արգելվում էր վերականգնումը։ Դրանից բացի, ուսումնառության հետագա շարունակության համար խոչընդոտ էր լինում նրանց՝ ոչ պետական նմուշի ավարտական փաստաթուղթը։ Ինչու՞ է ընտրվել մինչև 2003 թվականը։

«1999 թվականին ուժի մեջ էր մտել կրթության մասին օրենքը, որով պարտադրվել էր, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է անցնեին պետական հավատարմագրում։ Դրանից ենթադրվում է, որ 2003 թվականից հետո բուհերը պետք է հավատարմագրված լինեին։ Նշեմ, նաև որ նախորդ տարիներին կար դրույթ, ըստ որի մինչև 2017 թվականը ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող էին փոխել իրենց ավարտական փաստաթղթերը։ Դա ենթադրում էր գործընթաց, որի համաձայն շրջանավարտներն ամփոփիչ քննություններից հետո ստանում էին պետական նմուշի դիպլոմներ։ Հիմա այս նոր կարգավորմամբ մենք հնարավորություն ենք տալիս մինչև 2003 թվականի շրջանավարտներին դիմել ու սովորելով՝ ստանալ պետական նմուշի դիպլոմ»,-ասաց Լուսինե Գրիգորյանը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում ստացված զանգերը, նամակները վկայում են, որ նախնական 400-ից ավելի շրջանավարտ հետաքրքրված է այս հնարավորություններով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջանավարտները տարբեր մասնագիտական ուղղություններով են, սակայն հիմնականում գերակշռում է իրավագիտությունը, տնտեսագիտությունը, հոգեբանությունը և այլն։ Իրենք պետական բուհերում շարունակելու են կրթությունն իրենց մասնագիտությամբ, իսկ եթե տվյալ կրթական ծրագիրը չկա, ապա կարող են ընտրել հարակից մասնագիտություն։ Պարտադիր պահանջ է բուհ ընդունվելիս մի անգամից ավարտական կուրսում չընդգրկվելը։ 

Կլինեն նաև 2003 թվականից հետո շրջանավարտներ, որոնք չեն ստացել պետական նմուշի դիպլոմ ու այսօր կարող են դուրս մնալ իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունից։ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այս փուլում նոր կարգավորումը շրջանավարտների տվյալ շրջնանակին չի առնչվում, սակայն չի բացառվում, որ հետագայում կարգը բարելավվի։  

Չհավատարմագրված բուհերի մինչև 2003 թվականի շրջանավարտներն իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար կարող են դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում