Տնտեսություն

«TOON EXPO YEREVAN 2025»-ը սահմանել է նոր ցուցանիշներ. ցուցահանդեսն ամփոփում է գրանցված արդյունքները

4 րոպեի ընթերցում

Անշարժ գույքի շուկայում վերջին տարիներին նոր մշակույթ, փոփոխություններ ու իրարանցում ստեղծած TOON EXPO-ն սահմանել է նոր ցուցանիշներ։ Ավելի քան 18 հազար այցելու, երկու հազար և ավելի գույքի ամրագրում և 200 միլիոն դոլարի գործարքներ. «TOON EXPO YEREVAN 2025»-ն ամփոփում է գրանցված արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Big Projects  ընկերության համահիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը նշեց, որ այս տարի նախորդի համեմատ ունեցել են 26,5 տոկոսով ավելի շատ այցելու։

«Այդ աճի և շուկայի ներկայիս իրավիճակի շնորհիվ կարողացել ենք նախնական հաշվարկներով գրանցել մոտ 5-7 տոկոսով ավելի բարձր արդյունք։ Ինչ ամրագրում կատարվում է, նույն պատկերը հետագայում հաստատվում է նաև նոտարացումների ժամանակ»,-ասաց Big Projects ընկերության համահիմնադիր, տնօրեն Համլետ Խնկոյանը։

Ցուցահանդեսի մասնակիցները ներկայացրեցին նաև վիճակագրություն. հարցմանը մասնակցել է 22 հազար քաղաքացի, ըստ այդ տվյալների և էքսպոյին մասնակցածների ցուցանիշների՝ 62 տոկոսը հետաքրքրված էր նորակառույցներով։

Ըստ կազմակերպիչների՝ այս տարի նվազում է նկատվել այն նախագծերում, որոնք նախորդ տարի գործել են եկամտահարկի վերադարձի օրենքի շրջանակում, իսկ այս տարի այն չի գործում։

«Շուկայում գների նվազման միտում չկա։ Լավ առաջարկներ են անում նոր նախագծեր ներկայացնող ընկերությունները, և դա լիովին բնական երևույթ է։ Լուրջ արդյունքներ գրանցեցին նաև այն նախագծերը, որոնք առաջին անգամ ներկայացվեցին TOON EXPO-ի շրջանակում. երեք նոր նախագիծ միասին ապահովեցին մոտ 50 միլիոն դոլարի հավելյալ վաճառք»,- ընդգծեց նա։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանն էլ ընդգծեց՝ այս ցուցահանդեսը հակադարձեց բոլոր այն տեսակետներին, թե ոլորտում 2024 թվականից հետո անդառնալի բացասական հետևանքներ կլինեն։

«Մեզ համար՝ որպես ամենամեծ կառուցապատող ընկերություն, ամենակարևորը ոչ թե ցուցադրված արդյունքներն էին, այլ այն ազդակը, որ ստացանք երեք օրերի ընթացքում։ Միջոցառման օրերին գրանցված աննախադեպ հոսքն ու ակտիվությունը ապացուցեցին, որ փորձագետների կանխատեսումները պարզապես անհիմն էին։ Կարևորն այն է, որ ակնհայտ դարձավ՝ բնակարանների պահանջարկը բարձր է, և մարդկանց հետաքրքրությունը շարունակում է աճել»,- ասաց Մարությանը։

Էքսպոյի հիմնական գործընկեր RED Invest Group-ի համահիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով՝ սա լավագույն առիթն էր, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ներկայացնելու շուկայի միտումները և տարվա արդյունքները։

«Մեր ընկերությունը այս տարի գրանցել է 5 տոկոսով ավելի արդյունք, քան նախորդ TOON EXPO-ին։ Իսկ նախորդ ցուցահանդեսի արդյունքները գերազանցելը մեզ համար թվում էր գրեթե անհնարին։ Նախորդ տարի եկամտային հարկի վերադարձը գործում էր, ինչի շնորհիվ աննախադեպ հոսք կար»,-նշեց նա։

Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն էլ ընդգծեց, որ այս տարվա ձեռքբերումները թիմային մեծ աշխատանքի արդյունք են։ Նա վստահեցրեց՝ սա իրենց թիմի համար նոր մարտահրավեր է, նոր նշաձողեր սահմանելու և դրանք գերազանցելու համար։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում