Մշակույթ

«Երևան» երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Բեռլինյան հյուրախաղերին նախորդող համերգով

2 րոպեի ընթերցում

«Երևան» երիտասարդական նվագախումբը, որը հյուրախաղերով ներկայանալու է Բեռլինում, համերգով հանդես է եկել Արամ Խաչատրյան համերգասրահում։

Համերգը ղեկավարել է մաեստրո Սերգեյ Սմբատյանը, նվագախմբի հետ ելույթ է ունեցել անվանի շեփորահար Սերգեյ Նակարյակովը՝ կատարելով Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ նվագախումբը նույն ծրագրով օգոստոսի 2-ին նորամուտի համերգով հանդես կգա Բեռլինի հռչակավոր  Konzerthaus Berlin համերգասրահում։

«Նվագախմբի երիտասարդներն արդեն նվագում են Հայաստանի լավագույն բեմերում, իսկ առաջիկայում պատրաստվում են պատվով ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ Young Euro Classic փառատոնում, որը տեղի կունենա Բեռլինում։ Այս նվագախումբը լավ օրինակ է, թե ինչ արդյունք է լինում, երբ քաղաքը ներդրում է անում կրթության, մշակույթի և երեխաների զարգացման բնագավառում։ Դուք արդեն դարձել եք Երևանի ներկայացուցչները՝ ձեր տաղանդով և արվեստով»,-  նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով: 
Երևանի քաղաքապետարանի մշակութային ծրագրերում ցուցաբերած բարձր պատասխանատվության և պատշաճ ու բարեխիղճ աշխատանքի համար էլ «Էրեբունի- Երևան 2800-ամյակ» հուշամեդալով են պարգևատրվել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի նվագախմբի կոնցերտմայստեր Աննա Անդրիասովան և ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր Գևորգ Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում