Տնտեսություն

Պետության աջակցությամբ ներկրվել է ավելի քան 200 գլուխ ոչխար

2 րոպեի ընթերցում

Պետության աջակցությամբ ներկրվել  է ավելի քան 200 գլուխ ոչխար

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչխարաբուծության զարգացման նոր ծրագրով՝ պետության կողմից վարկի սուբսիդավորման կամ գումարի մի մասի ետվերադարձի մեխանիզմներով 2019-ին Հայաստան է ներկրվել 200-ից ավելի գլուխ կենդանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Մենք արդեն 2019-ին երրորդ եռամսյակում կառավարություն ներկայացրեցինք տոհմային ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որը ենթադրում է տոհմային ոչխարների ներկրում: Վարկի տոկոսի սուբսիդավորումից բացի՝ այս ծրագրով մենք ներդրեցինք նաև երկրորդ բաղադրիչը՝ գումարի մի մասի ետվերադարձի մեխանիզմը։ Այս ծրագրով ներկրվել են 200-ից ավելի տոհմային ոչխարներ»,-ասաց Գաբրիելյանը:

Փոխնախարարը նշեց՝ ներկրված կենդանիների քիչ քանակը պայմանավորված է նրանով, որ ծրագիրն ընդունվել է վերջերս՝ 2019-ի երրորդ եռամսյակում:

Կառավարությունը Հայաստանում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատել էր սեպտեմբերի 19-ին: Գործընթացն իրականացվում է երկու մեթոդով: Առաջինով արվում է տոհմային կենդանիների ներկրման նպատակով տրվող վարկերի մասնակի սուբսիդավորում: 12 տոկոսի դեպքում 10 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, այսինքն` ֆերմերը վճարում է ընդամենը 2 տոկոսը: Երկրորդ մեխանիզմով ֆերմերն իր սեփական գումարով ներմուծում է ոչխար, պետության կողմից ստանում 23 տոկոսի չափով ետվերադարձ: Սպառողական կոոպերատիվների և սահմանամերձ գյուղերի բնակիչների համար վարկը տրամադրվում է 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ գումարի ետվերադարձը՝ 27 տոկոսի չափով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում