Ամենամյա ներդրումային ֆորումի շնորհիվ կամրապնդվեն ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունները
2 րոպեի ընթերցում
![Ամենամյա ներդրումային ֆորումի շնորհիվ կամրապնդվեն ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999193.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում 2020 թվականի մարտին կայանալիք Ամենամյա ներդրումային ֆորումին ընդառաջ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին նշեց, որ Ամենամյա ներդրումային համաժողովի 10-րդ նստաշրջանը տեղի կունենա 2020 թվականի մարտի 24-26-ը՝ Դուբայ քաղաքում՝ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:
«Այս տարի համաժողովն անց է կացվելու «Ներդրումներ ապագայում. Համաշխարհային ներդրումային քաղաքականությունների հեռանկարները» խորագրի ներքո: Այն դառնալու է ներդրումների հրաշալի հարթակ՝ ներկայացնելով ներդրումային հնարավորություններն աշխարհի տարբեր զարգացող շուկաներում»,- ասաց դեսպանը:
Նա կարևորեց Հայաստանի և հայկական տարբեր ընկերությունների մասնակցությունն այդ կարևոր իրադարձությանը՝ ամրապնդելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ավելացնելու առևտրաշրջանառությունը և առաջ մղելու փոխադարձ ներդրումների անիվը:
Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանակ Ամենամյա ներդրումային ֆորումի տնօրեն Ուալիդ Ֆարղալը ներկայացրեց համաժողովի որոշ տվյալներ:
«Համաժողովին ելույթ է ունենալու մոտ 400 հոգի, այնտեղ քննարկվելու են երկրների միջև փոխանակման, ինչպես նաև բիզնես հնարավորությունները: Ամենամյա ներդրումային ֆորումը տարբեր երկրների կազմակերպությունների համար իրենց տեսլականը ներկայացնելու հարթակ է: Այստեղ իրենք կարող են ցույց տալ իրենց երկրներում իրականացվող հիմնական ծրագրերը և, թե ինչ ոլորտներով են իրենք հետաքրքրված»,- նշեց Ֆարղալը: