Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր առաքելության ղեկավար Նաթան Պորտերին և ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք ցուցաբերում ենք համահավասարություն հարկային և մաքսային վարչարարության հարցերում, ինչպես նաև գործունեության բոլոր այն ոլորտներում, որտեղ կան պետություն-մասնավոր փոխհարաբերություններ։ Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը կարող է իրացվել, եթե կան հավասար մրցակցային պայմաններ․ սա է մեր հաջողության հիմնական գործոններից մեկը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է միջազգային այն բոլոր ցուցիչները, որոնք նախարարության ուշադրության կենտրոնում են՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը մշակվում է այդ չափելի միջավայրում։ Նախարարն անդրադարձել է նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և դրա հիմքում ընկած մեթոդաբանությանը։

Կողմերը քննարկել են տնտեսական բարեփոխումների շրջանակը, ինչպես նաև ԱՄՀ աջակցության ծրագրերը։ Առաքելությունը հետաքրքրություն է ցուցաբերել Պետություն-մասնավոր գործընկերություն օրենսդրական շրջանակի մշակման և հաստատման ընթացքի նկատմամբ։

Քննարկում է ծավալվել նաև փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված քայլերի և ոլորտի ռազմավարության փաստաթղթի վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում