Տնտեսություն

Նախարար Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրային ներդրումների կառավարման շրջանակը

2 րոպեի ընթերցում

Նախարար Խաչատրյանը ԱՄՀ-ի հետ քննարկել է հանրային ներդրումների կառավարման շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հանրային ներդրումների կառավարման առաքելության ներկայացուցիչների հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմին և նրա թիմին և նշել, որ քննարկման թեման՝ հանրային ներդրումների կառավարումը, նախարարության օրակարգում կարևորագույն հարցերից մեկն է։ Այս ոլորտում որոշումների կայացմանը պետք է նախորդի գնահատում՝ միջազգային փորձով մշակված մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով այն տնտեսական օգուտները, որոնք կարող են ստացվել հանրային միջոցներով իրականացվող ներդրումային ծրագրերի արդյունքում։

«Մեր թիմը, հենվելով մեր միջազգային գործընկների հետ քննարկումների վրա, պատրաստել է պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) և հանրային ներդրումների համապատասխան շրջանակ»,- նշել է նախարարը։ Տիգրան Խաչատրյանն այս ոլորտում առաջիկա աշխատանքներում կարևորել է ԱՄՀ առաքելության դերը և առաջարկել սերտ համագործակցություն։

Դոմինիկ Գիյոմն իր խոսքում նշել է, որ էկոնոմիկայի նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել ՊՄԳ շրջանակի ձևավորման և հանրային ներդրումների կառավարման ուղղությամբ։ Նա առաջարկել է քննարկել ոլորտային ներդրումային ծրագրերի գնահատման, ընտրության և վերահսկման ընթացակարգերին և մեթոդաբանությանը առնչվող մի շարք հարցեր։

Կողմերը թեմայի շրջանակում անդրադարձել են նաև պետական ակտիվների գույքագրման կարևորությանը։

Արժույթի միջազգային հիմնադրամի հանրային ներդրումների կառավարման առաքելության ղեկավար Դոմինիկ Գիյոմը շնորհակալություն է հայտնել մանրամասն և համապարփակ քննարկման համար, նաև պատրաստակամություն հայտնել աջակցելու նախարարությանն առաջիկա աշխատանքներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում