Տնտեսություն

Նախարար Պապիկյանն ու ԳԴՀ պատվիրակությանը քննարկել են ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցեր

4 րոպեի ընթերցում

Նախարար Պապիկյանն ու ԳԴՀ պատվիրակությանը քննարկել են ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգևլիազորդեսպան Միխայել Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԳԴՀ Տնտեսական համգործակցության և զարգացման նախարարության Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պատասխանատու Կարին Յահր դե Գերեռոն, ԳՄՀԸ(GIZ)-ի hայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, Գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Ֆայգելը, Հայաստանում KfW բանկի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և գերմանական KFW բանկի ծրագրի ավագ համակարգող Բելլա Անդրեսայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ կողմերի միջև երկարամյա արդյունավետ համագործակցության արդյունքում ձևավորված նոր հնարավորությունները թույլ են տալիս բազմաոլորտ հաջողություններ արձանագրել։

Անդրադառնալով ՀՀ վարչատարածքային բարեփոխումների գործընթացին՝ նախարարը բարձր է գնահատել «Արդյունավետ տեղական կառավարում Հարավային կովկասում» ծրագրում ԳՄՀԸ(GIZ) և միջազգային այլ կազմակերպությունների դերակատարումը և համայնքների տնտեսական ներուժի և կարողությունների զարգացման գործում վերջիններիս ցուցաբերած աջակցությունը։

«Հաշվի առնելով, որ վարչատարածքային բարեփոխումները ՀՀ-ում նոր փուլ են մտնում, մեզ համար կարևոր է այս համագործակցության շարունակականությունը և արդյունավետության բարձրացումը»,- նշել է նախարարը և հավելել, որ գարնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է ավարտին հասցնել վարչատարածքային բարեփոխումների ընթացիկ փուլը։

Իր հերթին Կարին Յահր դե Գերեռոն ԳԴՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել վստահելի և արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ փոխշահավետ գործակցության վրա հիմնված ծրագրերը կշարունակվեն նաև հետագայում: «Գերմանիան արդեն երկար տարիներ Հայաստանի հետ համագործակցում է համայնքային լավ կառավարման ոլորտում՝ գրանցելով դրական արդյունքներ հատկապես համայնքային ծառայությունների բարելավման ուղղությամբ։ Ենթակառուցվածքների զարգացման բնագավառում ևս ունենք համատեղ գործունեության երկարամյա փորձ, և այստեղ հարկ է նշել KfW գերմանական զարգացման բանկի դերը»,- նկատել է Կարին Յահր դե Գերեռոն ։

Նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է КfW բանկի հետ գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն այդ հարաբերություններում առաջնորդվում է վարկային միջոցների նպատակային օգտագործման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ արդյունքահեն աշխատանքներ իրականացնելու սկզբունքով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են ջրային ռեսուրսների կառավարմանն ու ջրամբարաշինությանը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը և տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում