Հայաստանում տասնյակ ռեստորաններ, ժամանցի վայրեր արդեն անցել են առանց ծխելու ռեժիմին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը մի շարք սահմանափակումներ է սահմանում: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ սահմանափակումներ կան և ծխախոտի վաճառքի կազմակերպման և՛ փակ տարածքներում ծխելու, և՛ գովազդի հետ կապված:

«Օրինակ, ռեստորաններում եթե հաճախորդը ծխում է, ապա ադմինիստրատորը պարտավոր է զգուշացնել, որ ծխելն այդտեղ արգելվում է: Եթե տվյալ անձը շարունակում է ծխել, ապա կարող է միջամտել ոստիկանությունը և տուգանել»,-ասաց Լենա Նանուշյանը՝ նշելով, որ հանրային վայրերը, ռեստորանները, սրճարանները պարտավոր են տարածքում տեսանելի վայրում փակցնել ծխելն արգելող ցուցանակներ: Տուգանքը քաղաքացու նկատմամբ տարբեր իրավիճակներում սահմանվելու է մինչև 50 հազար դրամի չափով: Եթե ռեստորանի ադմինիստրատորը չի զգուշացրել, որ ծխելն արգելվում է, ապա ռեստորանի նկատմամբ տուգանքը նախատեսված է 150- 250 հազար դրամի չափով: Հեռուստատեսությամբ ծխախոտի գովազդի դեպքում նախատեսվում է տուգանք մինչև 750 հազար դրամի չափով տուգանք: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծեց, որ նախագիծը ծխողների դեմ չէ, այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը: Օրենքի նախագծում կան նաև դրույթներ, որոնք նախատեսում են աջակցություն ծխելը թողնել ցանկացող անձանց համար:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ նախագծի փաթեթի մշակման ընթացքում սերտորեն աշխատել են տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ծանոթացել են միջազգային փորձին, ներգրավել են առաջատար փորձագետների:

«Այն պնդումները, թե փակ տարածքներում, ժամանցի վայրերում ծխելն արգելելը կարող է վնասել բիզնեսին, տեղին չէ: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ այս սահմանափակումն ամենևին չի ազդել բիզնեսի վրա: Ներկայում Հայաստանում տասնյակ ռեստորաններ, ժամանցի վայրեր, դեռ նախագիծը չընդունված, արդեն անցել են առանց ծխելու ռեժիմին, ինչը ողջունելի է»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը: Նա ընդգծեց, որ այս նախագիծը հավասարեցնում է նոր տիպի ծխախոտային միջոցներն ավանդական ծխախոտներին: Այսինքն, եթե արգելվում է ավանդական, հասարակ ծխախոտը, ապա դա ենթադրում է նաև էլեկտրոնային, մյուս այլ ծխախոտային միջոցները ևս:

Ռուս փորձագետ Վիկտոր Զիկովը, կիսվելով Ռուսաստանի փորձով, նշեց, որ այս ճանապարհով իրենք գնացել դեռ 2013 թվականից: Ընդունվել է ամբողջական փաթեթ, խիստ տուգանքներով, որը նախատեսում է ծխելու արգելք փակ տարածքներում:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախագիծն ընդունելուց հետո աջակիցների թիվը ոչ միայն ավելացել է, ավելին, ծխելը թողնել ցանկացողների թիվն է մեծացել: Այսօր ծխախոտի արդյունաբերության ոլորտը անընդհատ ագրեսիվ մարկետինգ է կիրառում, նոր ծխախոտային միջոցներ է շրջանառում սեփական ապրանքը լայնորեն վաճառելու համար: Մի տրվեք այդ մեթոդներին: Մի խաբվեք այն դիտարկումներին, թե նոր ծխախոտային միջոցների ազդեցությունն այդքան վնասակար չէ: Բոլոր ծխախոտային միջոցներն էլ խիստ վտանգավոր են և անհերքելի է այն, որ ծխախոտը բազմաթիվ հիվանդությունների ռիսկի գործոն է»,-ասաց Վիկտոր Զիկովը: Նա կոչ արեց չհայտնվել ծխախոտ արտադրողների թակարդը և չընկնել մոլորության մեջ:

Խոսելով ծխախոտային արգելքի՝ բիզնեսի վրա ունեցած ազդեցության մասին՝ Վիկտոր Զիկովը նշեց, որ նման խնդիր չի եղել: Բիզնեսի վրա ոչ մի ազդեցություն այն չի թողել: Այսօր արդեն իրենց մոտ մշակույթ է դարձել փակ տարածքներում չծխելը և տուգանքների ծայրահեղ միջոցներ հազվադեպ են կիրառվում:

Հայերեն English Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը