Վերլուծություն

ՀՀ արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

3 րոպեի ընթերցում

ՀՀ  արտգործնախարարի արձագանքն ադրբեջանական սադրանքին սպառիչ էր և դիպուկ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բարձրաձայնած թեզերը դիպուկ էին, իսկ պատասխաններն ադրբեջանցիների կողմից բարձրաձայնած սադրիչ հարցադրումներին՝ սպառիչ:

Առաջին, կարևոր էր ամրագրումն առ այն, որ պատերազմ սկսելու ադրբեջանական կողմի սպառնալիքներն այլևս արդիական չեն և չեն կարող բանակցային գործընթացում օգտագործվել հայկական կողմերի դեմ՝ որպես ճնշման լծակ: Այլ կերպ ասած, Ադրբեջանի՝ պատերազմ սկսելը որպես զիջում ներկայացնելու փորձերը հիմնազուրկ են, քանի որ պատերազմը կործանարար կլինի ողջ տարածաշրջանի համար:

Երկրորդ, կարևոր էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն, ունենալով իր ժողովրդի կողմից ստացած բանակցելու մանդատը և նրա լիարժեք աջակցությունը, չի ընդունի հակամարտության լուծման որևէ տարբերակ, որը չի արժանանա սեփական հանրության աջակցությանը: Այլ կերպ ասած, ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանի իշխանությունների լեգիտիմ լինելու փաստն ամենևին չի նշանակում, որ հայկական կողմը կարող է գնալ միակողմանի կամ ոչ համաչափ զիջումների, այն պարագայում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել իր առավելապաշտական դիրքորոշումը:

Երրորդ, կարևոր էր անդրադարձն Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանությանը, որն անթույլատրելի է և պետք է արժանանա միջազգային հանրության պատշաճ արձագանքին: Այս համատեքստում, նախարարի կողմից բարձրաձայնված թեզն ավելի քան ընկալելի և տրամաբանական էր. չես կարող մի կողմից խաղաղության շուրջ բանակցել, մյուս կողմից պատերազմ քարոզել:

Չորրորդ, կարևոր էր շեշտադրումն առ այն, որ Հայաստանը, հանդիսանալով Արցախի անվտանգության միակ երաշխավորը, չի կարող անտարբեր մնալ Արցախի բնակչության անվտանգության խնդրին: Ադրբեջանի ներկայիս ագրեսիվ կեցվածքը գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ Արցախի բնակիչները չեն կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում և Արցախի կարգավիճակը, որը չի կարող լինել ավելի ցածր, քան այսօր է, հանդիսանում է նրանց անվտանգության հիմնական և կարևոր գրավականը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ հայկական կողմին ևս մեկ անգամ հաջողվեց միջազգային հանրության համար ընկալելի լեզվով ընդգծել հայկական կողմերի կառուցողական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում՝ տուրք չտալով ադրբեջանական կողմի սադրանքներին:

Լիանա Հովհաննիսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում