Վերլուծություն

Հայաստանի նոր ձեռքբերումը համացանցի ազատության ոլորտում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի նոր ձեռքբերումը համացանցի ազատության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Համացանցի ազատություն-2019» զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը դասվել է «ազատ» երկրների շարքին: Ըստ հրապարակված զեկույցի՝ Հայաստանը ոչ միայն բարելավել է իր դիրքերը՝ դիտարկվող 65 երկրների շարքում համացանցի ազատությամբ 8-րդ հորիզոնականը կիսելով Ֆրանսիայի հետ, այլ նաև հանդիսանում է այն 3 երկրներից մեկը, որը 2019թ.-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը: Հատկանշական է, որ այս ցուցանիշով Հայաստանն առաջատար է ոչ միայն մեր անմիջական հարևանների շրջանում, այլ նաև ԱՊՀ տարածաշրջանում: Այս տարի Հայաստանն առաջին անգամ առաջ է անցել նաև հարևան Վրաստանից:

Զեկույցն ընդգրկում է 2018թ.-ի հունիս-2019թ.-ի մայիս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ արձանագրելով, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո գրանցած ձեռքբերումներն այս ոլորտում ոչ միայն պահպանվել են, այլև կա նաև հստակ առաջընթաց. մինչև 2017թ. Հայաստանը եղել է «մասամբ ազատ» համացանց ունեցող երկրների շարքում, և միայն 2018թ.-ին է անցել «ազատ» երկրի շարք:

Հատկանշական է այն, որ զեկույցն արձանագրել է Հայաստանում բովանդակության սահմանափակումների և համացանցից օգտվողների իրավունքների ոտնահարման դեպքերի նվազում: Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտում և չի արգելափակում օգտատերերի հասանելիությունն առցանց բովանդակությանը, սոցիալական մեդիա հարթակներում չկան սահմանափակումներ, կան քաղաքական կարծիքների բազմազանություն և առողջ քաղաքական քննարկումներ: Ավելին, եթե նախորդ իշխանությունների կառավարման շրջանում եղել են առցանց լրագրողների, բլոգերների նկատմամբ բռնություններ և ճնշումներ, ապա Թավշյա հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում դրանք կտրուկ նվազել են:

Զեկույցում, որպես կարևոր ձեռքբերում, նշվում է, որ Հայաստանի նոր կառավարության վարած քաղաքականությունը հանգեցրել է նաև տարբեր թվային լրատվամիջոցների ազատությանը տնտեսական և քաղաքական ճնշումներից: Ցավոք, համացանցի նման բարձր ազատության մակարդակից փորձում են օգտվել նաև որոշ շրջանակներ՝ «ֆեյք» լուրեր տարածելու և շահարկումներ իրականացնելու համար: Սակայն նման բացասական երևույթներին հակազդելու միակ եղանակը մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է և ոչ երբեք սահմանափակումները:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ Թավշյա հեղափոխությունից հետո համացանցի ազատության ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ունի դրական դինամիկա: Այս ամենը հերթական անգամ արձանագրվում է միջազգային կազմակերպությունների կողմից և հիմք է հանդիսանում գրանցած առաջընթացը ոչ միայն պահպանելու, այլ նաև առավել զարգացնելու համար:

Աննա Չիչյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում