Տնտեսություն

Վարչապետը կապիտալ ծախսերի թերակատարումը կապում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ

3 րոպեի ընթերցում

Վարչապետը կապիտալ ծախսերի թերակատարումը կապում է կոռուպցիայի դեմ պայքարի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչի հետ է կապված կապիտալ ծախսերի թերակատարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը թեմային անդրադարձավ խորհրդարանում ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում:

«Ես ուզում եմ արձանագրել, թե կապիտալ ծախսերի թերակատարումն ինչի հետ է կապված: Առաջինն, արդեն ասել եմ մի քանի անգամ՝ կոռուպցիայի դեմ պայքարի: Եթե նախկինում ենթադրաբար այսպես կոչված ատկատները համընդհանուր ընդունված իրողություն էր, այսօր դա իրողություն համարել չի կարելի: Ես չեմ կարող բացառել, որ այդպիսի երևույթներ կլինեն, բայց այդպիսի երևույթների մեջ ներգրավված պաշտոնյաները պետք է վստահ լինեն մի բանում, որ այսօր, վաղը, մի շաբաթ, մի ամսից, որևէ պահի իրենց հետևից գալու են, որևէ մեկը հանկարծ չկասկածի, որ կարող է խուսափել այսպիսի պատասխանատվությունից: Եվ երկրորդը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ կապիտալ ծախսերի առումով ես տեսնում եմ այսպիսի խնդիր. մենք որոշակի մեր երկրում ստանդարտները բարձրացնելու խնդիր ունենք: Որովհետև, օրինակ` տեսեք, ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր ճանապարհաշինության հետ կապված հանրությունը նաև սոցիալական ցանցերում, ամենուր, բնականաբար, շատ մեծ գոհունակություն է հայտնում: Ես ուզում եմ արձանագրել, որ ճանապարհաշինության այն ստանդարտը, որ այսօր հաստատված է ՀՀ-ում, այդ ստանդարտից և որակից ես ինքս գոհ չեմ, չնայած ի տարբերություն նախկինի, հիմա մենք ճանապարհաշինության որակի անհամեմատ հսկայական փոփոխություն ունենք, բայց այդ ստանդարտին մենք չենք կարող համաձայնվել և մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Խոսքը վերաբերում է հարթության ստանդարտին և այլն և այդպես շարունակ մնացած բոլոր ոլորտներում»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ընդհանրապես, մենք բոլոր ոլորտներում մեր երկրի ստանդարտները պետք է բարձրացնենք, մենք ինքներս մեր աշխատանքի ստանդարտները պետք է բարձրացնենք: «Մենք պետք է բարձրացնենք կառավարության աշխատանքի որակի ստանդարտները, ԱԺ-ի աշխատանքի որակի ստանդարտները, տեղական ինքնակառավարման, ոստիկանության, իրավապահ համակարգի, քննչական մարմինների և այդպես շարունակ: Եվ այս ճանապարհին մենք հետևողականորեն գնալու ենք առաջ: Իհարկե, այդ ընթացքում կլինեն երևույթներ, որոնք, գուցե, առաջին հայացքից իրենց մոտիվացիոն և արդյունավետության հեռանկարի առումով այդքան էլ հասկանալի չեն լինի կամ անսովոր կլինեն, բայց ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ փոփոխություններն իրենց կարդարացնեն: Մենք պետք է պետական ծառայության, պետական ազնիվ ծառայության վարկանիշը բարձրացնենք: Իհարկե, դա մենք չենք կարող անել մի գործողությամբ և միանգամից, բայց այս պրոցեսը մենք պետք է շարունակենք և այն բարեփոխումները, որ մենք հիմա անում ենք՝ սոցիալական ապահովության ոլորտում, կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում և մնացած բոլոր ոլորտներում, շատ կարևոր են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում