Տնտեսություն

Կառավարությունն իրականացնում է գյուղապահովագրության պիլոտային ծրագիր

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն իրականացնում է գյուղապահովագրության պիլոտային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հոկտեմբերի սկզբից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ՝ կարկուտից, իսկ երկու մարզում՝ Արարատում ու Արմավիրում, գարնանային վաղ ցրտահարության դեպքերի առնչությամբ:

«Մենք KfW բանկի աջակցությամբ սուբսիդավորում ենք այդ ապահովագրավճարների կեսը՝ 50-60 տոկոսը: Այս որոշումն այն մասին է, թե այդ սուբսիդավորվող գումարն ինչ եղանակով պետք է փոխանցենք ապահովագրող կազմակերպություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ հավելելով, որ բանաձև կա և գյուղացին ամեն հեկտարի համար կարող է 500-600 հազար դրամի փոխհատուցում ստանալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, ասաց, որ մինչեւ հիմա եթե աղետ էր լինում, կարկուտը բերքը փչացնում էր, պետությունը կորստի չնչին մասի չափով փոխհատուցում էր տալիս, իսկ հիմա ապահովագրական պոլիսների դեպքում՝ պետությունը վնասը 50-60 տոկոսն ինքն է վճարելու: «Դրա համար բյուջեում նախատեսում ենք միջոցներ: Հիմա այն մարզերում, որտեղ այս հնարավորությունը կա, խոսակցությունները փակվում են, որ կառավարությունը պետք է գյուղացուն փոխհատուցում տա կարկուտի դեպքում: Սա մենք անում ենք նրա համար, որ գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն ստանա, այլ ապահովագրական ռեալ փոխհատուցում ստանա իր կորցրած բերքի համար: Այսինքն` մենք գյուղացուն ասում ենք՝ ապահովագրեք ձեր հողը, որ երբ կարկուտը գա, դուք ոչ թե 30 հազար դրամ ստանաք, այլ 500-600 հազար դրամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում